27.09.2024
Շրջափակման ետևում կանգնածները փորձում են վարկաբեկել ռուս խաղաղապահների և ՌԴ դերը. Սաֆարյան
26.01.2023
Շրջափակման ետևում կանգնածները փորձում են վարկաբեկել ռուս խաղաղապահների և ՌԴ դերը. Սաֆարյան

Կարող ենք արձանագրել, որ 2022 թվականի վերջին և նոր տարվա սկզբին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են մնալ սերտ ռազմական և քաղաքական դաշնակիցներ. այս մասին «Ռուս-հայկական ռազմավարական միության արդի հիմնախնդիրները» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ​​ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը։ Նրա խոսքով, մեր երկրների միջև ակտիվորեն զարգանում է երկկողմ առևտուրը և ԵԱՏՄ շրջանակներում բազմակողմ համագործակցությունը։ Իսկ 2022 թվականի արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են Հայաստանի հաջողությունները՝ շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը։ «Չկան այնպիսի հարցեր, որոնք Հայաստանն ու Ռուսաստանը չկարողանան քննարկել և փոխընդունելի լուծումներ գտնել»,- ասաց Սաֆարյանը։ Քաղաքական վերլուծաբանն անդրադարձավ նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը. «Նրանք, ովքեր նախաձեռնել են Լաչինի միջանցքի փակումը, հույս ունեին, որ կկարողանան այս ճանապարհով վարկաբեկել ռուս խաղաղապահներին և Ռուսաստանին և ստվերեն հայության աչքում ՌԴ դերը, որպես միջնորդի այս գործընթացում: Կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, սակայն Եռակողմ  Համաձայնագրի փխրունությունը և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, Լաչինի միջանցքի բացումը, սահմանների սահմանազատումը նույնպես մեր ռազմավարական դաշնակցի հետ երկխոսության կարևոր բաղադրիչներից են»,- շեշտեց Արամ Սաֆարյանը։  Բանախոսը նշեց, որ Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում  պետք է գործադրվի, քանի որ միայն դա կարող է ստիպել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։ Վերլուծաբանը նաև ընդգծեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը շատ փխրուն է և տեղ է տալիս յուրօրինակ մեկնաբանությունների ու շահարկումների, որոնք կապ չունեն միջազգային հարաբերությունների իրականության հետ։ «Այստեղից էլ եզրակացությունը. մենք պետք է վերջնական տեսքի բերենք այս Եռակողմ համաձայնագիրը և օգնենք Ռուսաստանին ունենալ այն ռեսուրսները, որոնք նրան հնարավորություն կտան ազատ և անկաշկանդ կյանքի կոչել այս համաձայնագրի կետերը»,- ընդգծեց Սաֆարյանը։ Նշենք, որ տեսակամուրջը կազմակերպել էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական ​​և վերլուծական հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ​​ակումբը։