24.12.2024
Նոր զեկույց. Մարդու իրավունքներն ԱՄՆ պետդեպի ձեռքին որպես
15.04.2016
Նոր զեկույց. Մարդու իրավունքներն ԱՄՆ պետդեպի ձեռքին որպես "մահակ"

2015 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցի նախաբանում Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հիշեցնում է Հայաստանի նախագահի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ դիտորդների արձանագրած ընտրախախտումները, ապա նշում. - «Մարդու իրավունքների հետ կապված առավել լուրջ խնդիրները տարվա ընթացքում եղել են իշխանությունը պահող Հանրապետական կուսակցության քաղաքական էլիտայի պաշտոնյաների՝ տնտեսական և քաղաքական իշխանության կիրառումը աջակիցների հարստացման նպատակով, իրավապահների և արդարադատության համակարգի կոռուպցիան, արդարադատության համակարգի անկախության սահմանափակումը»: «Իշխանությունները չեն կալանավորել որևէ մեկին՝ 2008 թվականի բախումների հետևանքով 10 մարդկանց սպանության համար», - նկատել են պետքարտուղարության զեկույցի հեղինակները, հայտնում է Ազատությունը: Քաղաքական ազատություններ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կապակցությամբ զեկույցում նշված է․ - «Դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումների ժամանակ տեղական և միջազգային դիտորդները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և լրագրողները հաղորդել են ընտրախախտումների բազմաթիվ տեսակների մասին, ներառյալ՝ վարչական ռեսուրսի կիրառում, բազմակի քվեարկություն, լցոնում և պաշտոնյաների՝ հանձնաժողովների անդամներին ու դիտորդներին ահաբեկում»: Քաղաքական ազատությունների վերաբերյալ հատվածում է «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելու պատմությունը: Հիշատակվում են Սահմանադրության փոփոխություններին ընդդիմացող կուսակցությունների հանրահավաքները, ապա զեկույցի հեղինակները նշում են․ - «Սերժ Սարգսյանը, որը նաև իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդն է, հրապարակավ սաստեց Գագիկ Ծառուկյանին, դա հեռարձակվեց Հանրային հեռուստատեսությամբ, նրան հեռացրեց Ազգային անվտանգության խորհրդից՝ պաշտոնյաներին հանձնարարելով ստուգել դժգոհությունները նախկինում նրա կատարած հանցագործությունների, հարկերից խուսափելու վերաբերյալ, և ակնարկեց, որ նա կարող է հեռացվել Ազգային ժողովից»: Քաղաքական կարծիքի ազատության ոտնահարման օրինակների շարքում պետքարտուղարությունը վկայակոչել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանի վրա տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով Արշակ Այվազյանը դատապարտվեց մեկ ամսվա ազատազրկման: Զեկույցում հիշատակված են լրագրող Հրայր Մանուկյանի պնդումներն ու ձայնագրության հրապարակումը, որի միջոցով նա հայտարարում էր, որ իրեն հավաքագրելու փորձ է կատարել նախկինում ԱԱԾ աշխատակից, ներկայումս՝ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: Պետքարտուղարության ամենամյա զեկույցում տեղ է գտել նաև պատգամավոր Առաքել Մովսիսյանի սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունը՝ կապված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա կնոջ մասին հրապարակումների հեղինակների գլուխները կտրելու, նրանց հայտնաբերելու դեպքում՝ բռնաբարելու մասին հայտարարությունների հետ: Բանակ Զեկույցում նաև ներառված են «բանակում ոչ մարտական պայմաններում կասկածելի մահերը, զինակոչիկների նկատմամբ սպաների վատ վերաբերմունքը, որոնց համար նրանք պատասխանատվության չեն ենթարկվել»: Անդրադարձ կա Հայկազ Բարսեղյանի սպանության գործին: «Զինվորների ընտանիքները մեղադրում են կոռումպացված պաշտոնյաներին, որոնք ղեկավարում են զինվորական ստորաբաժանումներ, և մարդու իրավունքների վիճակին հետևողները, Մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ Կառավարությունը շարունակում է զորակոչել զինվորների, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ»,- նշված է զեկույցում: Կոռուպցիա «Կոռուպցիան, օրենքի ընտրողաբար կիրառումը և ազդեցիկ պաշտոնյաների անպատժելիությունը և դրանց հետ կապված հանգամանքները խնդիր են եղել»,- 2015 թվականին ուշադրության արժանացած երևույթներն ի մի բերելով՝ նշում է պետքարտուղարությունը: Որպես օրինակ՝ վկայաբերվում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և ընկերների մասնակցությամբ Հարություն և Մուշեղ Զաքարյաններին ծեծելու առնչությամբ մամուլի հրապարակումները: «Եղբայրները ստացել են բազմաթիվ վնասվածքներ, Հարություն Զաքարյանը անդառնալի վնաս է ստացել՝ կորցրել է տեսողությունը»,- նշված է զեկույցում, որտեղ նաև հիշատակված է փաստը, որ որոշ ժամանակ անց Զաքարյանները փոխել են ցուցմունքները: «Գործի քննությունն ավարտվեց առանց Տիգրան Խաչատրյանին մեղադրանք առաջադրելու», - նշված է զեկույցում: Հիշատակված են Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության աշխատակիցների թանկարժեք տների, ավտոմեքենաների վերաբերյալ բացահայտումների, եկեղեցուն վարչապետի նվիրատվության մասին տեղեկությունները: «Սեպտեմբերի 17-ին կառավարությունը որոշեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը վաճառել ռուսաստանաբնակ հայ գործարարին պատկանող օֆշորային ընկերությանը»,- նկատում են զեկույցի հեղինակները: «Թեև օրենքը նախատեսում է քրեական պատասխանատվություն, կառավարությունն արդյունավետ չի կիրառում օրենքը, և հաճախ պաշտոնյաները ներգրավվում են կոռուպցիոն գործարքների մեջ՝ առանց պատիժ կրելու», - արձանագրել է պետքարտուղարությունը՝ հիշատակելով նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի Համաշխարհային մրցունակության 2014-2015 թվականների զեկույցը, ըստ որի՝ կոռուպցիան ամենախնդրահարույց գործոնն է երկրում բիզնեսով զբաղվելու դեպքում: Խոսքի ազատություն Խոսքի ազատության գնահատականն ամփոփված է հետևյալ ձևակերպման մեջ. - «Զանգվածային լրատվամիջոցներում բացակայում է քաղաքական բազմակարծությունը, և շատ դեպքերում արտահայտվում է կառավարության տեսակետը: Ինքնագրաքննությունը խնդիր է»: «Կային վստահելի հաղորդումներ, որ ոստիկանությունը թիրախավորել է լրագրողներին՝ քաղաքացիների ցույցի ժամանակ»,- նշված է զեկույցում՝ հունիսի 23-ի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ լրագրողների նկատմամբ դրսևորված վերաբերմունքի ամփոփմամբ. - «24 լրագրողների աշխատանքային սարքավորումները վնասվել էին, ոստիկանները ֆիզիկական ուժ էին գործադրել»: Հիշատակված է նաև Բաղրամյան պողոտայում նստացույցը ջրցանով ցրելը, 237 անձանց ձերբակալությունը խուլիգանության կասկածանքով՝ ավելի քան 12 ժամ պահելով և նրանց կարգավիճակը չհստակեցնելով: Հիշատակված է նաև լրագրողներին թիրախավորելու առնչությամբ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրահանգի մասին: «Թեև կառավարությունը որոշ քայլեր է կատարել իրավախախտումների համար իրավապահներին պատժելու կապակցությամբ, ոստիկանները շարունակում են իրավախախտումները՝ առանց պատասխանատվության ենթարկվելու», - նկատում է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը: Զեկույցում նշված է iLur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված գործը, որը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի նամակից հետո կարճվեց: Խոշտանգումներ՝ մեկուսարաններում Չի շրջանցվել նաև ոստիկանությունում քաղաքացիներին խոշտանգելու, ցուցմունքներ կորզելու նպատակով կիրառվող վատ վերաբերմունքը՝ ձերբակալության և հարցաքննության ժամանակ: Զեկույցում ներառվել են նաև մեկուսարանների ծանրաբեռնվածության, հակասանիտարական, բժշկական օգնությունից զուրկ պայմանների վերաբերյալ ձևակերպումներ: Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հատվածներից մեկը նվիրված է Վանաձորի ոստիկանությունում քաղաքացի Անի Բոշյանի արժանապատվությունը նվաստացնելու, հոգեբանական ճնշումների գործին: Պետքարտուղարության ուշադրությանն է արժանացել նաև Նուբարաշենի մեկուսարանում արձանագրված իրավիճակն ըստ մեկուսարաններում հսկողություն իրականացնող խմբի 2014 թվականի զեկույցի: Այդ տարվա 10 ամիսներին, ըստ զեկույցի, բանտում մահացել է 24 դատապարտյալ, մեկը՝ հոսանքահարումից: