ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, կուսակցության գործադիր մարմնի անդամ, Երևանի կառույցի պատասխանատու Տարոն Մարգարյանը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, որոշումը կայացվել է նախագահի առաջարկով եւ միաձայն: «Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում քաղաքապետ Մարգարյանի գլխավորությամբ Երևան քաղաքում տեղ են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ, և կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի այն բարեփոխումները, որը նախաձեռնել է տարիներ առաջ», - հավելեց ՀՀԿ խոսնակը: Շարմազանովը նաև նշեց, որ ՀՀԿ ցուցակի երկրորդ համարն է միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը: