VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում գրվեց, որ փետրվարի 1-ին Սերժ Սարգսյանին հրավիրել են ՀՔԾ՝ հարցաքննության, եւ մի քանի ժամ հարցաքննել Մարտի 1-ի գործով։ Բայց պարզվում է՝ սա Սերժ Սարգսյանի առաջին հարցաքննությունը չի եղել, դրանից առաջ էլի էր նա ՀՔԾ հրավիրվել։Ավելին, տեղեկացանք, որ երեկ նույնպես նա այցելել է ՀՔԾ ու բավականին երկար մնացել այնտեղ։ Թեպետ ՀՔԾ-ից մեր հարցին հրաժարվեցին պատասխանել, ասացին, որ որեւէ հարցի չեն պատասխանում այս թեմայով։ Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի համար պրոֆեսիոնալ իրավաբանների թիմ է ստեղծվել, որոնք այս օրերին կոնսուլտացիաներ են անցկացնում նրա հետ, թե ինչպես պահի իրեն հարցաքննության ժամանակ։ Թիմը գլխավորում են արդարադատության երկու նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանը, որոնք երկուսն էլ իշխանափոխությունից հետո լծվել են իրավապաշտպան գործունեության։ Դավիթ Հարությունյանն Արփինե Հովհաննիսյանի հետ իրավախորհրդատվական ընկերություն է բացել։ Մենք տեղեկացանք, որ նախօրեին Սերժ Սարգսյանի «պաշտպանական» թիմը հավաքվել է ՀՀԿ գրասենյակում ու բավականին երկար քննարկում արել Սերժ Սարգսյանի հետ։ Ներկա են եղել նաեւ այլ իրավաբաններ, փաստաբաններ։ Դավիթ Հարությունյանը երեկ մեր հարցին ի պատասխան՝ կցկտուր հերքեց, թե իրենք են զբաղվում Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ։ «Չէ, չեմ պատասխանի էդ հարցին։ Ընդհանրապես, Սերժ Սարգսյանին հարցաքննության կանչելու-չկանչելու վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չունեմ։ Սխալ է քո ինֆորմացիան»,- ասաց պարոն Հարությունյանը։ Հարցին՝ նախօրեին ՀՀԿ գրասենյակում քննարկում եղե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, Հարությունյանն ասաց․ «Ուրիշ հարցերով եմ ունեցել քննարկում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանի նախաձեռնությամբ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում օրենսդրական նախագիծ էր ներկայացվել, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ եւ առցանց տիրույթում, ինչը ֆինանսական մեծ հարված կլինի լրատվամիջոցներին, որոնք հիմնականում գովազդից են ֆինանսավորվում, իսկ Հայաստանում քանի որ տնտեսությունը չի զարգանում, ուստի, գովազդատուները հիմնականում բուքմեյքերներն են։ Այս նախաձեռնությունն առնվազն ԶԼՄ-ների անկախության դեմ ուղղված քայլ կարող է դիտվել, եւ լրատվական աշխարհում բողոք է հասունանում։ Նախագիծը դեռ աշխատանքային քննարկման փուլում է, սակայն այսօր հեղինակն ԱԺ-ում փակ քննարկում է կազմակերպել խնդրի առնչությամբ՝ խտրական մոտեցում դրսեւորելով եւ որոշ լրատվամիջոցների չհրավիրելով։ Համենայնդեպս, «Հրապարակը» հրավեր չի ստացել։ Ավելին՝ անգամ «Իմ քայլը» խմբակցությունում երեկ տեղյակ չէին, որ նման քննարկում է նախաձեռնվել։ Հրաչ Հակոբյանն արդարացավ, թե իր օգնականն է հրավիրել ԶԼՄ-ներին, ինքը տեղյակ չէ, թե ում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատճառով տուժել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Բանն այն է, որ ԱԺ խորհրդի նիստում, երբ քննարկվել են խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության եւ պատվիրակությունների կազմերի հարցը, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել մեկական տեղ զիջել ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի բոլոր պատվիրակություններում նրանցից առնվազն մեկական հոգի ներկայացված լինի: Սակայն եղել է մեկ պայման, որ կզիջեն կոնսենսուսի առկայության դեպքում: «Ժողովուրդ» թերթի աղբյուրների պնդմամբ` ԱԺ խորհրդի անդամներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը, պահանջել են իրենց ավելի շատ տեղ տալ` սպառնալով դեմ քվեարկել որոշումներին: Այդքանից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ իրենք ոչինչ չեն զիջի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր որոշմամբ աշխատանքից ազատել է Ջրային պետական կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին: Պատճառը ամենեւին էլ Գաբայանի վատ կամ լավ աշխատանքը չէր, այլ իշխանության ներսում առկա ներխմբային բախումը: Ինեսա Գաբայանը վատ հարաբերություններ ուներ ջրառի տնօրեն Կարեն Եփրեմյանի հետ, ում անմիջական վերադասն էր: Բայց Գաբայանը չէր կարողանում ազատվել Եփրեմյանից, քանի որ նա վայելում էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հովանավորությունը: Իսկ Գաբայանի հովանավորը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ավինյան-Վանեցյան դիմակայության մեջ Վանեցյանը հաղթանակած դուրս եկավ»:
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ– ում փետրվարի 4–ին ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած հանդիպումն այդքան էլ չի գոհացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին: Նեղ շրջանակներում նրանք դժգոհել են, որ նախարարը հավուր պատշաճի չի ներկայացրել արտաքին քաղաքականության մանրամասները եւ սիրողական մթնոլորտում կենցաղային մակարդակի քննարկում է անցկացրել: Այլ կերպ ասած՝ ոչ թե մասնագիտական, այլ սիրողական մակարդակի հանդիպում է եղել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ-ն անցած տարվա հոկտեմբերի 2-ի իրադարձություններից հետո դուրս եկավ կոալիցիայից, սակայն որոշ ԲՀԿ-ականներ շարունակում են շատ բարեհաջող պաշտոնավարել: Մասնավորապես ԲՀԿ փոխնախագահ Արմեն Արզումանյանը կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար է: Այլ ԲՀԿ-ականներ էլ փոխմարզպետներ են կամ զբաղեցնում են պետական կառավարման համակարգի այլ պաշտոններ: Եվ այս պայմաններում տրամաբանական հարց է առաջանում՝ հիմա ԲՀԿ-ն կիսաընդդիմությո՞ւն է, թե՞ կիսաիշխանություն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարին ԱԱԾ-ում ուշագրավ նշանակում է տեղի ունեցել: ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի ղեկավար է նշանակվել Սերոբ Հարությունյանը: Նա Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետն էր, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը եւ այդ պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսին: Մամուլում ժամանակին հրապարակումներ եղան նրա եւ գողական աշխարհի կապերի մասին, մասնավորապես՝ Լեննականցի Սուրոյի, Զապի հետ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի նախագիծը: Միաժամանակ, կառավարությունը երեկ որոշեց մինչեւ փետրվարի 8-ը ծրագրի վրա որոշակի խմբագրական աշխատանքներ կատարել ու միայն դրանից հետո ներկայացնել խորհրդարանի հաստատմանը: Թերթը, ուսումնասիրելով 71 էջանոց այս փաստաթուղթը, ուշագրավ փաստ արձանագրեց. այն գրեթե ամբողջությամբ կրկնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նախորդ ծրագիրը, որ թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018թ. հունիսին, ներկայացվել էր ԱԺ: Պարզապես նոր ծրագիրը գրված է առաջիկա հինգ տարիների համար, ու կան նախանշված կոնկրետ ցուցանիշներ երկարաժամկետ կտրվածքով, օրինակ՝ տնտեսական աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս: Միաժամանակ նկատենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում մի քանի ուշագրավ շեշտադրում կա. «Կառավարությունը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ… Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը…Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը` որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»: Փոխարենը կառավարության ծրագրում որեւէ խոսք չկա հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, թեեւ Փաշինյանը կողմ է արտահայտվել այդ երկրի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: Կառավարության ծրագրում միայն նշված է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ քայլերի մասին»:
«168 ժամ» թերթը գրում է. «Տոտալ իշխանական քարոզն ու ապրիլյան իշխանափոխությունից կուռքեր կերտելու հետեւողական ու ագրեսիվ գործելակերպը, ցավոք, արդեն թափանցում է կրթական համակարգ՝ դպրոցներ։ Այսպես, 8-րդ դասարանի «Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրություն։ «168 ժամ»-ը մասնավորապես տեղեկություն ստացավ Երեւանի թիվ 56 հիմնական դպրոցում անցկացված օլիմպիադայի տարածքային փուլից, սակայն նույն պատկերն է եղել ողջ քաղաքի տարածքային փուլերի ժամանակ։ Սա աննախադեպ իրավիճակ է, քանի որ, փաստորեն, ընդդիմության կողմից այնքան քարկոծված, նախկինում օլիմպիադաների ժամանակ տրված հայրենասիրական թեմաներին փոխարինելու է գալիս կուսակցական, իշխանական քարոզի պարտադրանքը։ Ի՞նչ պետք է 13-14 տարեկան երեխան գրի վերոնշյալ թեմայով, ի՞նչ պատկեր են ցանկանում տեսնել այդ «դարակազմիկ» գաղափարի հեղինակները։ Այսպե՞ս են իշխանությունները պատկերացնում կրթական համակարգի ապաքաղաքականացումը։ Ի դեպ, այսպես մեկ էլ խորհրդային տարիներին էին անում, երբ դպրոցականները ստիպված էին սերտել «Ленин в шалаше»-ի կարգի դասեր։ «Տրամաբանական» կլինի, եթե հանրապետական փուլի շարադրության թեման վերաբերի, օրինակ, արագաչափեր «սքոչելուն» կամ ներքնաշորերով դրանք փակելուն, կամ էլ թե՝ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շենքը պաշարելուն»:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի նավթամթերքի շուկայում շուտով նոր խաղացող է հայտնվելու: Խոսքը Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Ղազախստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանի մասին է: Սահակյանը մտադիր է կազմակերպել ղազախական արտադրության նավթամթերքի ներմուծում Հայաստան, որը էապես կմեծացնի այս շուկայում առկա մրցակցությունը՝ նպաստելով գների իջեցմանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է անցկացրել Եղվարդի քաղաքապետարանում: Հայտնաբերված թերությունները բավական խոսուն են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ պարզվել է, որ ավագանու որոշումների նախագծերը կազմվել են բացթողումներով: Բացակայել են որոշումների ընդունման անհրաժեշտության հիմնավորումները, նաև՝ ավագանու իրավասու հանձնաժողովում քննարկման արդյունքում ձեւավորված կարծիքը: Այսինքն համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված հարցերը նախապես քննարկվել են ավագանու իրավասու հանձնաժողովներում, սակայն քննարկման արդյունքում ձեւավորված կարծիքները կցված չեն եղել ավագանու նիստերի օրակարգերի նյութերին: Այսինքն այս դեպքում թերի է կատարվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի պահանջը: Սրանք, սակայն, ամենամեղմ բացահայտումներն են: Պարզվել են մի շարք այլ չարաշահումներ ու բացթողումներ եւս»: