Ինչպես բելառուսները անտարբեր չմնացին այն ամենին, ինչ կատարվում է Դոնբասում, այնպես էլ մեր մարդկանց սրտերը ցավում է Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ: Մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերն ու ադրբեջանցիները, ինչպես և մյուս ժողովուրդների ներկայացուցիչները մեկ մեծ երկրից ենք՝ ԽՍՀՄ-ից: Այդ իսկ պատճառով մենք գործադրելու ենք բոլորը ջանքեր խաղաղության հաստատման, մարդկանց բնականոն ու խաղաղ կյանքի համար՝ որտեղ էլ դա լինի: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. հիմնախնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցային սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսանալով Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել ոկղմերին հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար: Մենք առաջնորդվում ենք այն սկբունքով, որ չկա առավել արժեք մարդկանց համար, քան խաղաղությունն ու հանգստությունը սեփական հողում» ,- ասել է նա: Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ Բելառուսը հետագայում ևս պատրաստ է ապահովել Մինսկում տարբեր ձևաչափերի և մակարդակների հանդիպումներ հակամարտող կողմերի միջև, բայց այն պայմանով, որ կողմերը իրենք կդիմեն համապատասխան խնդրանքով: Դա, նախագահի խոսքով, վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղին: