ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով սեպտեմբերի 2-4-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն։ Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն հանրապետության նախագահը և վարչապետը։ Սեպտեբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կանոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ճապոնիայի ԱԳ նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա ծաղկեպսակի զետեղման արարողություն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: