ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս մասին լրագրողներին հայտնեց անձամբ Արթուր Վանեցյանը: Նրա խոսքով, իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները: «Համոզված եմ, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնների համատեղումը կկարողանան իրականացնել արդյունավետ և ժամանակը ցույց կտա, որ մեկը մյուսին չի խանգարի՝ ո՛չ անվտանգությունը կտուժի, ո՛չ էլ ֆեդերացիայի աշխատանքները»,- ասաց նա: Թեկնածուն արդեն ուսումնասիրել է ոլորտը և ունի ծրագրեր: Առաջնահերթություն է, ըստ նրա, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը: Վանեցյանը նշեց, որ Ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ինքնաբավ կազմակերպություն է և առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու դեպքում լուրջ արդյունքներ կարձանագրվեն: Հիշեցնենք, ավելի վաղ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ապա դա, իր կարծիքով, լավագույն լուծումը կլինի: