Արցախի ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. աղբյուր
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում են VERELQ-ի աղբյուրներն Արցախի Պաշտպանության բանակից:
Աղբյուրի փոխանցմամբ Կարեն Աբրահամյանի հրաժարականը պայմանավորված է վերջին մեկ ու կես ամսում բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահերով, որոնց թիվն անցել է մեկ տասնյակը և հարուցել հանրային մեծ դժգոհություն:
ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի պաշտոնանկության որոշումը կայացվել է փետրվարի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված խորհրդակցությունից հետո:
Այս մասին ակնարկել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ բանակում մահվան դեպքերի վերաբերյալ խորհրդակցությունից հետո կայացվել են կադրային որոշումներ:
Մեր աղբյուրը փոխանցում է, որ առաջիկայում կլինեն այլ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ:
Վարչապետը խնդիր է դրել ԶՈւ-երում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ Փաշինյանը դժգոհ է նաև ԶՈւ-երում կարգապահությանը հետևող կառույցների աշխատանքով: