Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է մամուլում առկա այն տեղեկությանը, թե օրերս ինքը գաղտնի այցելել է Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Աշոտյանը հաստատել է հանդիպման լուրը: «Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝ 1. Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: 2. Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա: 3. Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ: 4. Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է: Այսօրվա արտահոսքը դրա վկայությունն է: 5. Անկախ քաղաքական տարաձայնություններից կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված «ուսադիրներս» ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլևս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին»,- գրել է նա Facebook-ի իր էջում: