5.11.2025
Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց ճանապարհով. Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին
25.05.2021
Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց ճանապարհով. Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է խոսակցություններին, թե իր ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև գոյություն ունեն անհամաձայնություններ, որոնք էլ ստիպել են նրանց առանձին մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին: Նշելով, որ իրենք, իսկապես, տարբեր դաշինքներով են հանդես գալիս ընտրություններին, Քոչարյանն այդուհանդերձ նկատել է, թե սա այն ակտուալ թեման չէ, որի շուրջ պետք է ինչ-որ բանավեճեր կամ քննարկումներ ծավալվեն։ Բացի այս, նա հարց է հնչեցրել՝ իսկ կա՞ երկու մարդ, որոնց միջև որևէ տարաձայնություն գոյություն չունի. «Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց ճանապարհով»,- հրավիրված ասուլիսում ասաց Քոչարյանը: Բացի այս, նշեց նա, ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակից են: Թեև այս ընտրությունները, շարունակեց նախկին նախագահը, տարբերվում են նրանով, որ կան մրցակիցներ, որոնց հետ կան անհաղթահարելի տարաձայնություններ Հայաստանի ապագայի նկատմամբ, անվտանգության հարցերում և այլն: «Այսինքն՝ մրցակցային դաշտում կան մրցակիցներ, որոնց հետ ուղղակի հնարավոր չի որևէ համագործակցություն: Դրա շուրջ մենք ավելի առարկայական խոսակցություն կարող ենք ունենալ, երբ բոլոր դաշինքները գրանցվեն և մասնակցողների ձևաչափը պարզ լինի բոլորի համար»,- ընդգծեց նա: