14.09.2025
ՄԻՊ-ին առընթեր կձևավորվի երիտասարդների և երեխաների հարցերով հասարակական խորհուրդ
12.08.2022
ՄԻՊ-ին առընթեր կձևավորվի երիտասարդների և երեխաների հարցերով հասարակական խորհուրդ

Կարևորելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև նրանց լսված լինելու իրավունքը՝ նախաձեռնել եմ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երիտասարդների և երեխաների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը, որի մասին տեղեկատվությունը կհրապարակվի հաջորդիվ: Այս մասին Երիտասարդության միջազգային օրվան նվիրված ուղերձում նշում է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։ «Երիտասարդությունը մեր պետության ու հասարակության վաղվա ճարտարապետն ու շինարարն է, մեր ինքնության պահապանն ու զարգացման պատասխանատուն։ Այս առումով հատկապես կարևորվում է պետության կողմից երիտասարդների համար կրթական, մշակութային, սոցիալական ու հանրային տարբեր ոլորտներում նոր հնարավորությունների ստեղծմանը միտված ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը: Սկզբունքային է ներառական միջավայրի ձևավորումն ու խթանումը, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իր կարողությունները ներդնել անհատի, հասարակության և պետության զարգացման գործում: Երիտասարդների ուժեղ կամքի, զարգացման ու առաջընթացի բնական ձգտման և աշխատասիրության շնորհիվ են ստեղծվում ու կյանքի կոչվում նորարարական տարբեր ծրագրեր, որոնք ժամանակակից ու մրցունակ պետության բնութագրիչներն են: Ուստի, խթանելով երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում, որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև խթանելով նրանց հասարակական և մասնագիտական առաջադիմությունը՝ պետությունը հավատարիմ է մնում իր ստանձնած պարտավորություններին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և Պաշտպանին հասցեագրված դիմումների ուսումնասիրությունը փաստում է, որ պետական թիրախային աջակցության առավել մեծ անհրաժեշտություն ունեն մարզերում բնակվող երիտասարդները, ովքեր բավարար հնարավորությունների բացակայության պատճառով չեն կարող իրացնել իրենց կարողություններն ու իրավունքները: Ուստի, համայնքահեն ծառայությունների, համայնքում երիտասարդական տարբեր ծրագրերի իրականացումը՝ կրթականից մինչև զբաղվածության ապահովում, լուսավորչականից մինչև քաղաքացիական կրթություն, պահանջում է պետության կողմից էլ ավելի մեծ ուշադրություն և ներդրում: Կարևորելով երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև նրանց լսված լինելու իրավունքը՝ նախաձեռնել եմ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երիտասարդների և երեխաների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը, որի մասին տեղեկատվությունը կհրապարակվի հաջորդիվ: Սիրելի երիտասարդներ, ապագայի մեր պատասխանատու քաղաքացիներ, շնորհավորում եմ երիտասարդության միջազգային օրվա առթիվ, թող երիտասարդական ավյունն ու կրթական անսահման հնարավորությունները դառնան ձեր ու մեր պետության զարգացած ու ապահով գալիքի կայուն երաշխիքը»,- նշված է ուղերձում։