18.04.2026
Շարմազանով. Ամենայն հավանականությամբ՝ Կարեն Կարապետյանը ևս կանդամագրվի ՀՀԿ-ին
16.11.2016
Շարմազանով. Ամենայն հավանականությամբ՝ Կարեն Կարապետյանը ևս կանդամագրվի ՀՀԿ-ին

Վիգեն Սարգսյանի վրա որևէ ճնշում չի եղել, Հանրապետականին անդամակցելը բացառապես նրա որոշումն է: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ առաջիկա օրերին նա պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին: «Դեռ երեկ այդպիսի դիմում չի եղել, այսօր տեղեկացանք, որ նա նման որոշում է կայացրել: Մոտ օրերս կգրի: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկրի առանցքային քաղաքական դեմքերից մեկը նման որոշում է կայացրել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ևս ՀՀԿ-ին անդամակցելու որոշում կայացնի, որի մասին վերջին օրերին ակտիվ գրում է մամուլը, Շարմազանովը չբացառեց նաև այդ հեռանկարը. «Ամենայն հավանականությամբ՝ Կարապետյանը ևս կանդամագրվի ՀՀԿ-ին: Դա պարոն վարչապետի որոշումն է: Սահմանադրական բարեփոխումներից հետո քաղաքականության մեջ կուսակցական գործիչների դերակատարությունը պետք է բարձրանա և եթե մարդիկ ուզում են զբաղվել քաղաքականությամբ՝ պետք է լինեն այս կամ այն կուսակցության անդամ»,- հավելեց ԱԺ փոխնախագահը: