25.11.2024
Հայաստանը Հայ դատի գրասենյակներ պետք է ունենա նաև իսլամական աշխարհում. Արամ Ա
prev Նախորդ նորություն

Մամուլ. մեծ համաձայնություն. Սերժ Սարգսյանը՝ վաչապետ, Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իշխանության ներսում օրերս մեծ համաձայնություն է կայացել, ըստ որի՝ Ժնևից վերադառնալու նախօրեին և դրանից հետո երկար զրույցներից հետո Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել Կարեն Կարապետյանին 2018թ․ապրիլից հետո շարունակել աշխատել Հայաստանի փոխվարչապետի պաշտոնում: Սերժ Սարգսյանին հաջողվել է հասկացնել, որ Արցախի հիմնահարցի և Հայաստանի անվտանգության խնդիրների շուրջ վարչապետից ավելի ցածր որևէ պաշտոն չի տալիս լիարժեք բանակցելու և որոշումներ կայացնելու մանդատ, ուստի հենց այդ հիմնավորմամբ փոխվարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի գործառույթներում ոչինչ չի փոխվելու: Նա շարունակելու է անցկացնել կառավարության նիստեր, զբաղեցնել կառավարության շենքը, նրան արտոնվելու է ազատ կադրային որոշումներ ընդունել: Սերժ Սարգսյանն էլ վարչապետի պաշտոնում շարունակելու է զբաղեցնել Բաղրամյան 26 հասցեում նախագահի նստավայրը: Այժմ Հայաստանի նախագահի համար նստավայր են փնտրում: Չի բացառվում, որ ժամանակավորապես նորընտիր նախագահը կիսի նախագահական պալատը Սերժ Սարգսյանի հետ»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության» համաձայնագրի շրջանակներում տարվող բանակցություններում սկսել են արծարծել այն հարցը, թե ով է ստանձնելու համաձայնագրով նախատեսված պարտավորությունների գործադրումը հայկական կողմից: Եվրամիության պաշտոնյաները պնդում են, որ համաձայնագիրը հնարավոր է դարձել Սերժ Սարգսյանի շնորհիվ, և 2018թ․ ապրիլին Հայաստանի վարչապետի անձից է կախված լինելու առհասարակ համաձայնագիրը որքանով հնարավոր կլինի իմպլեմենտացնել: 2018թ․ ապրիլից Հայաստանի վարչապետի պաշտոնը վերստանձնելու գլխավոր հավակնորդ Կարեն Կարապետյանը առհասարակ ստորագրվելիք փաստաթղթի մասին աշխատում է շատ քիչ խոսել: Նա մեկ տարուց ավելի Հայաստանի կառավարության ղեկավարն է, բայց մեկ անգամ չի այցելել Եվրամիության մայրաքաղաք, որպեսզի իր աջակցությունը հայտնի փաստաթղթին և աջակցություն ստանա ԵՄ-ից: Փոխարենը եվրոպացի պաշտոնյաներն արձանագրում են, որ Կարեն Կարապետյանը 2011 թվականից Ռուսաստանում զբաղեցրել է բարձր պաշտոն մի ընկերությունում, որը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ցուցակում է, և որի շատ պաշտոնյաներ ևս չեն կարող այցելել արևմտյան երկրներ: Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, այս պահին եվրոպացի պաշտոնյաների համար ՀՀ վարչապետի պաշտոնի «ֆավորիտը» չէ:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է պարզապես ծաղրել ժողովրդին՝ ամեն կերպ արդարացնելով թանկացումները և կոչ անելով զինվել համբերությամբ: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ հայտարարել է, թե իրենք ուսումնասիրություններ են կատարել կարագի, բենզինի և մսի շուկայում և պարզել, որ թանկացումները ոչ թե չարաշահումների հետևանք են, այլ օբյեկտիվ հիմքեր ունեն: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ասել է. «Նախևառաջ թանկացումներն այնքան շատ չեն, ինչպես որ ներկայացնում են՝ կարագն է, բենզինն է, մսամթերքն է՝ 10 տոկոս և ձուկը, բայց շատ ապրանքներ կան, որոնք էժանացել են։ …Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքենք։ Մենք չենք կարող այդ գները զսպել։ Այլ խնդիր է, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի մեր քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել։ Այդ ամեն ինչին համբերատար պետք է վերաբերվել»:


Ի՞նչ է սա՝ ցինի՞զմ, ժողովրդին ծաղրե՞լ, թե սեփական անկարողությունը խոստովանելու տխուր փորձ:


Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ԿԲ-ն ունեն լծակներ, օրենսդրությամբ տրված լիազորություններ՝ գնաճը զսպելու համար, քանի որ ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության 83.3 հոդվածում հստակ ասված է. «ՀՀ ԿԲ հիմնական խնդիրը ՀՀ գների կայունությունն ապահովելն է»: Այնինչ վարչապետի խոսքերից պարզվում է, որ իրենք չեն կարող իրագործել Սահմանադրության այս դրույթը: Եվ ընդհանրապես, իշխանություններն անկարող են ոչ միայն այս հարցում, այլև պետություն կառավարելիս: Մեկ փաստ էլ. որքան էլ իշխանությունները համոզեն, թե գնաճը բնական է, պայմանավորված արտաքին գործոններով, միևնույն է, դրանից իրավիճակը չի փոխվի, և ՀՀ քաղաքացու վիճակը չի թեթևանա, մանավանդ, մի երկրում, որտեղ արդեն որերորդ տարին է՝ ո՛չ աշխատավարձերն են բարձրացնում, ո՛չ կենսաթոշակները, ո՛չ նպաստները, և նույն տխուր հեռանկարն է սպասվում նաև հաջորդ տարի, ու փոխարենը գնաճի նոր ալիք է սպասվում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ» ՓԲԸ-ն դատի է տվել Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ»՝ նախկին «Օրինաց երկիր» կուսակցությանը: «Ժողովուրդ» օրաթերթինհայտնի դարձավ, որ «Հայփոստ»-ը ՀՎԿ- ից պահանջում է 840 հազար 300 դրամ: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել գործը, այլև պարտավորեցրել է Ա. Բաղդասարյանի կուսակցությանը վճարել «Հայփոստ»-ին ունեցած պարտքը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ Նելլի Դուրյանը ջղաձգվել է, երբ մեր լրագրողը հարց է ուղղել իր հայտարարագրած պատկառելի ունեցվածքի աղբյուրի մասին։ Նա հրաժարվել է զրուցել թե՛ մասնագիտական հարցերի, թե՛ իր սեփականության վերաբերյալ։ Հարցին, թե ոստիկանության համակարգում հնարավո՞ր է նման ունեցվածք դիզել, պատասխանել է․ «Լավ ուսումնասիրեք հայտարարագիրը, նոր եկեք հարց տվեք»։ Դուրյանը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ շոշափելի ֆինանսական միջոցներ՝ 19 միլիոն ՀՀ դրամ, 197 հազար դոլար, 23 հազար եվրո։ Իսկ պաշտոնյայի տարեկան եկամուտն ընդամենը 4 միլիոն 825 հազար դրամ է կազմել, որից 2 միլիոնը՝ աշխատավարձ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հիացած չեն այն փաստից, որ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը գալու է խորհրդարան՝ նախ գլխադասային, ապա՝ ԱԺ լիագումար նիստի քննարկման։ Դրա բոլոր քննարկումները վերածվում են կենաց-մահու պայքարի՝ լինի արդարադատության նախարարությունում, Ազգային ժողովում, թե Փաստաբանների պալատում, որտեղ երեկ թեժ վեճեր են ընթացել։ Ոմանք անգամ այստեղ ուղղորդվող գործընթաց են տեսնում նախարար Դավիթ Հարությունյանի դեմ, քանի որ մի հանդիպման ժամանակ այնպես են հարձակվել նրա վրա, որ նա, կիսատ թողնելով հանդիպումը, հեռացել է, իսկ օրենքին դեմ տրամադրվածներն այնքան ագրեսիվ են եղել, որ նախարարին ուղղված հայհոյանքներ են տեղացել, անեծքներ տվել՝ նրա երեխաների հետ վարվեն այնպես, ինչպես օրենքը թույլ կտա։ Իսկ երեկ էլ ոմանք անգամ առաջարկել են «շարժվել դեպի Դավիթ Հարությունյանի տուն»»։


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն ամեն տարի էական գումարներ է հատկացնում ներկայացուցչական ծախսերի համար: ԱԱԾ-ի կատարած գնումների պայմանագրերի ուսումնասիրությամբ «ՀԺ»-ն պարզել է, որ այս կառույցը 2017 թվականին միայն ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերման թվով 42 պայմանագիր է կնքել:ԱԱԾ-ի, այսպես ասենք, հիմնական գործընկերներն են՝ Երեւանի կոնյակի գործարանը, Անի հյուրանոցը, Էլիտ բաս ընկերությունը, «Երեւանյան գիշերներ» ռեստորանը, Արքայաձոր ռեստորանային համալիրը, Ուռենիներ ռեստորանը, Շիրակ հյուրանոցը, ճաշկերույթ կազմակերպող «Սել» ընկերություն եւ Երեւան պանդոկը:


Այսպես, ԱԱԾ-ի հյուրերը տեղափոխվում են մայրաքաղաքում ամենահայտնի տուրիստական ուղղություներ սպասարկող եւ քաղաքացիներին տեղափոխող ընկերությունների կողմից՝ Հյուր սերվիսի եւ «Էլիտ բաս» ընկերության կողմից: «Էլիտ բաս» ընկերության հետ այս տարի կնքվել է 115 հազար եւ 80 հազար դրամ արժեքով երկու պայմանագիր, որով տեղափոխվել են ԱԱԾ-ի հյուրերը: Հյուր սերվիսի հետ կնքվել է 430 հազար դրամ արժողությամբ մեկ պայմանագիր: «Պեռնո ռիկար Արմենիա» ԲԲԸ-ն, որը հանդիսանում է Երեւանի կոնյակի գործարանի իրավական հիմնադիրը, ԱԱԾ-ին կոնյակ մատակարարող հիմնական ընկերությունն է: Միայն այս տարի Ազգային անվտագության ծառայությանը կոնյակներ մատակարարելու թվով 7 պայմանագիր է կնքվել: Բոլորը միասին վերցրած կազմել են մոտ 4 միլիոն դրամ (3 միլիոն 968 հազար 300 դրամ): Մատակարարվել են «Ախթամար», «Ընտիր» եւ «Նաիրի» տեսակի կոնյակներ, երբեմն էլ հուշանվերի տուփերով:


«Սել» ընկերության հետ կնքվել է 2 պայմանագիր՝ 278 հազարական դրամ ծավալով: Երկու ճաշկերույթներին մասնակցել է 35 անձ: «Անի պլազա» հյուրանոցի հետ, որն ամենամոտն է ԱԱԾ-ի վարչական շենքին, կնքվել է հյուրանոցային ծառայություներ մատուցելու թվով 7 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3.5 միլիոն դրամ: Այս պայմանագրերից ամենաթանկը կազմել է 2.2 միլիոն դրամ, որով հյուրանոցը ԱԱԾ-ին է տրամադրել 2 հատ լյուքս եւ 13 հատ ստանդարտ համարներ, կոնֆերանս դահլիճը եւ 3 օր 34 անձի համար ճաշ եւ ընթրիք է մատուցել: «Երեւանյան գիշերներ» ռեստորանի հետ կնքվել է թվով 3 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1 միլիոն դրամ: Պայմանագրերում չի նշվել, թե կազմակերպված ճաշկերույթներին քանի անձ է մասնակցել:


«Արքայաձոր» ռեստորանը ԱԱԾ-ի հետ ունի կնքած 2 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 270 հազար դրամ: Այս ռեստորանի ծառայություններից օգտվողների թիվը կրկին նշված չէ պայմանագրերում: «Օնիրա քլաբ» ընկերությունը դուրս չի մնացել ԱԱԾ-ի գնուների գործընթացից: Այս ընկերությանը պատկանող «Մուլտի գրանդ» հյուրանոցի ծառայություններից օգտվելու համար վճարվել է 622 հազար դրամ: 2 օրով զբաղեցվել է հյուրանոցի թվով 3 ստանդարտ համարները, 2 օրով 1 լյուսք համար եւ 2 օրով մեկ այլ համար: Հյուրանոցի հյուրերը օգտվել են նաեւ ռեստորանի ծառայությունից: Այս հյուրանոցը, ի դեպ, պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Հյուրանոցի հարեւանությամբ տեղակայված է Երեւանին մոտ միակ խաղատունը՝ «Շանգրի լա»-ն:


«Հարսնաքար» ռեստորանի, «Երեւան պանդոկ»-ի հետ կնքվել է մեկական պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 432 հազար դրամ: «Ուռենիներ» ընկերության հետ էլ կնքվել է 858 հազար դրամ արժեքով ճաշկերույթ կազմակերպելու պայամանգիր: Այս պայմանագիրը միակն է, որտեղ նշված է, թե ինչ միջոցառման շրջանակում է մատուցվել ճաշկերույթը: Պարզվում է, որ «Ուռենիներ»-ում ճաշկերույթ է մատուցվել թվով 69 անձի, որոնք մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների օպերատիվ-հետախուզական մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպմանը»:


«Առավոտ» թերթը գրում է. «Անցած շաբաթ հարձակում է տեղի ունեցել «Դիլիջան» ազգային պարկի պահակակետերից մեկի վրա: Հարձակվողները ծեծել են պահակներին եւ այրել են պահակակետը: Ինչպես եւ ցանկացած այս կամ այն չափով հնչեղություն ունեցող հանցագործության դեպքում, այստեղ նույնպես արդարացնողներ եղան՝ «ուրիշ ելք չունեին», «ռեժիմն է ստիպել», «բա ի՞նչ անեն խեղճ մարդիկ» եւ այլն: Այնինչ պարզ է, որ իրենց տները տաքացնող սովորական գյուղացիները Դիլիջանում խնդիր չունեն՝ անտառում գետնին լիքը փայտ կա: Հարձակումը գործել էին մարդիկ, որոնք ցանկանում են ծառեր կտրել վաճառքի համար, եւ նրանց դա հիմա չի թույլատրվում:


Այժմ «փայտի մաֆիան» միտինգներ եւ հարձակումներ է կազմակերպում՝ սրտաճմլիկ կարգախոսներով: Բայց այդ պոպուլիզմին մեծ մասամբ հավատում են, որովհետեւ չեն հավատում իշխանություններին: Հայաստանում դա իսկապես խնդիր է՝ ոչ միայն այս, այլեւ բոլոր, այդ թվում՝ կոմունիստական իշխանությունների պարագայում: Հիշո՞ւմ եք՝ «լավ եմ անում, լույս եմ գողանում (2 կոպեկանո՛ց-Ա. Ա.), բա որ նրանք իրենց Ցեկաներում…»: Պարզապես այն ժամանակ ֆեյսբուք չկար, իսկ տաքսիստները խոսում էին հիմնականում ֆուտբոլից եւ Զեյնաբ Խանլարովայի համերգներից: Հանցագործությունները արդարացվում էին տանը՝ խոհանոցային խոսակցությունների ժամանակ: Հիմա ամեն ինչ «ազատ է», եւ արդարացվում են ոչ միայն հանցագործությունները (եթե դրանց մեջ «հակաիշխանական» տարր կա), այլեւ ցանկացած հակասոցիալական դրսեւորում:


Պատկերացրեք, որ Հայաստանում որեւէ իշխանավոր ասի՝ «ուտելուց առաջ ցանկալի է ձեռքերը լվանալ»: Պատկերացնում եք, չէ՞, ինչ է տեղի ունենալու: Ի՞նչ արձագանք են տալու տաքսիստներն ու ֆեյսբուքիստները: «Արա, էս ինչ են ուզում էս խեղճ ժողովրդից, մի հատ թեթեւ հնարավորություն ունեինք՝ կեղտոտ ձեռքերով հաց ուտեինք, դրանից էլ են ուզում մեզ զրկեն», «Բա հայ մարդուն հարի՞ր է ուտելուց առաջ ձեռքերը լվալ», «Էդ սաղ Սվիտալսկին է ասում, որ մենք մեր ազգային դիմագիծը կորցնենք», «Դուք հըլը մտածեք էս մարդկանց նորմալ աշխատավարձ տալու մասին, հետո ձեռքերը լվալ պահանջեք», «Մարդիկ հացի փող չունեն, ի՞նչ մաքուր ձեռքեր», «Հաստատ կառավարությունից մեկը սապոնի ցեխ ա դրել, ուզում ա փող աշխատի» եւ այլն: Ենթադրում եմ, որ սոցիոպատիայի նման դրսեւորումներ ունեն ոչ միայն հայաստանցիները՝ դա համամարդկային երեւույթ է: Պարզապես մեր քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, հոգեւորականները, լրագրողները, բլոգերները հիմնականում նպաստում են, խրախուսում են այդ մտածողությունը՝ դրա կրողներին դուր գալու համար»: