Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել ՍԱՊԾ վարչության պետերից մեկը
Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և թերացումների համար աշխատանքից ազատվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանը: Այս մասին հաղորդում է ԱրմԻնֆոն:
Նշվում է, որ ներկայումս իրականացվում են ներքին հսկիչ-ստուգումներ, որոնք կավարտվեն մեկ ամսից: Վարչության նոր պետ է նշանակվել Կարինե Բրուտյանը:
Աղբյուրը նաև հայտնել է, որ վերջին ամսում գերատեսչությունում ընթանում են ներքին մանրակրկիտ ստուգումներ և կատարվում են կադրային փոփոխություններ: «Ընդհանուր առմամբ փոխվում են այն կադրերը, ովքեր չեն համապատասխանում Ծառայության նոր ղեկավարության աշխատանքի չափորոշիչներին ու պահանջներին»,- պարզաբանել է աղբյուրը՝ նշելով, որ որոշ թերացողներ չեն խուսափում նաև պատժից:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը:
ՍԱՊԾ-ում խոշոր յուրացումներ հայտնաբերվել են դեռ 2012 թվականին, երբ ծառայությունը գլխավորույմ էր Վազգեն Խաչիկյանը: 2014 թվականին Խաչիկյանը դատապարտվեց 12 տարի ազատազրկման՝ 267 մլն 583 հազար դրամի յուրացման համար: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ին նա ազատ արձակվեց՝ ՀՀ նախագահի ներում շնորհելու վերաբերյալ հրամանագրով: