24.11.2024
Հակառակորդի կրակոցից Արցախում 19-ամյա զինծառայող է մահացել
prev Նախորդ նորություն

Մամուլ. Կարապետյանը սպառնացել է հրաժարականով, բայց հետո համաձայնել է Սարգսյանի առաջարկին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում, արդեն նաեւ մամուլում, որ 2018 թվականից հետո վարչապետի թեմայի շուրջ զրույց են ունեցել Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հայտնել է, որ ինքը մտադիր է 2018 թվականից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը եւ առաջարկել է, որ Կարեն Կարապետյանը այդ ժամանակ ստանձնի փոխվարչապետի պաշտոնը: Կարեն Կարապետյանն էլ, ըստ մեզ հասած լուրերի, փորձել է հակադարձել, թե իրեն խոստացել էին, որ 2018 թվականից հետո էլ է ինքը շարունակելու զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ինչին Սերժ Սարգսյանը հակադարձել է, թե Կարեն Կարապետյանն էլ խոստացել էր, որ ներդրումներ են լինելու…


Ըստ մեր աղբյուրների՝ Կարեն Կարապետյանը սկզբում համաձայն չի եղել Սերժ Սարգսյանի առաջարկին ու ասել է, թե հրաժարական կտա, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն առաջարկել է մի քանի օր էլ լավ մտածել իր առաջարկի վերաբերյալ ու նոր որոշում կայացնել՝ հասկացնելով, որ չի համոզի Կարեն Կարապետյանին՝ հետ կանգնել հրաժարականից: Մի քանի օր անց արդեն Կարեն Կարապետյանը համաձայնել է Սերժ Սարգսյանի առաջարկին՝ նրա վարչապետությամբ զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը: Այս լուրերի կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից: «Թույլ տվեք ինձ բամբասանքի մակարդակի լուրեր չմեկնաբանել: Այդ հարցին բազմիցս վարչապետն անդրադարձել է եւ իր մոտեցումը հայտնել է: Ես այստեղ ավելացնելու բան չունեմ»,- armtimes.com-ին ասաց Արամ Արարատյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ին լրացավ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը: «Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ Կիմ Բալայանի տեղի ամենահավանական հավակ­նորդը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նա­խագահ Հրայր Թովմասյանն է: Արդեն տեւական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ Թովմասյանը կարող է փոխարինել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, ով 2018թ. մարտի 23-ին դառնում է 70 տարեկան, եւ կրկին օրենքի ուժով նրա լիազորությունները դադարում են: Բայց մինչեւ Սահմանադրական դատարանի նախագահ դառնա­լը Հրայր Թովմասյանը պետք է ՍԴ անդամ լինի: Տեսականորեն Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ կարող են նշանակել Գագիկ Հարությունյանի փոխարեն, սակայն իշխանությունը ավելի պատեհ է համարում նրան ՍԴ անդամ նշանակել Կիմ Բալայանի փո­խարեն, որպեսզի մի քանի ամիս լինի ՍԴ շարքային անդամ, եւ նոր միայն ԱԺ կողմից ընտրվի ՍԴ նախագահ»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է լրջորեն զբաղվել նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններով։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն այնքան է կարեւորում այդ ընտրություններում իր առաջադրած թեկնածուների հաղթանակը, որ թեկնածուների քարոզարշավին կմասնակցեն «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներ եւ անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այդ մասնակցությունը կլինի նույն մեխանիզմով՝ սկզբում ընտրողների հետ կհանդիպեն «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, իսկ հետո հանրահավաքում ելույթ կունենա Ծառուկյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանը, որը վերջին տարիներին Մոսկվայում է եւ բավականին սոլիդ պաշտոն է զբաղեցնում այնտեղ, ամենեւին էլ անմասն չէ հայաստանյան ներքաղաքական զարգացումներից: «Գորշ կարդինալի» ֆունկցիաներին լավագույնս տիրապետող Կ. Պետրոսյանը վերջին շրջանում Մոսկվայում հանդիպումներ է ունենում հայաստանյան քաղաքական, այդ թվում եւ ընդդիմադիր գործիչների հետ, փայլուն հարաբերություններ ունի վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ: Հիշեցնենք նաեւ, որ Պետրոսյանի դուստրն Իսպանիայում ՀՀ դեսպան Ադոնցի որդու՝ Նարեկ Ադոնցի կինն է։ Նարեկն էլ ՀՀ վարչապետի օգնականն ու սանիկն էր, բայց օրերս անսպասելիորեն ազատվեց աշխատանքից»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի եւ Իշխան Զաքարյանի երբեմնի լարված հարաբերությունները հարթվել են։ Ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ-ն հույս ունի, որ ի վերջո ՀՀԿ-ՀՅԴ տանդեմը ԲՀԿ-ին կառաջարկի մաս կազմել իշխանական կոալիցիային, որից հետո Իշխան Զաքարյանը փոխվարչապետ դառնալու «ախորժակ» ունի, քանի որ նոր Սահմանադրությամբ 2018թ-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ։ ՀՀԿ մեր աղբյուրները հայտնում են, սակայն, որ եթե ԲՀԿ-ն նույնիսկ հրավիրվի կոալիցիա, սա անպայման չի նշանակում, որ նրան կվերապահվի փոխվարչապետի պաշտոն։ Նույնը վերաբերում է դաշնակցությանը։ Չի բացառվում, որ բոլոր փոխվարչապետերին կոալիցիայի հետ խորհրդակցելով առաջարկի եւ հաստատի ՀՀԿ-ն»:


«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ տեւական ժամանակ է՝ Տրանսպորտի կապի ու ՏՏ նախարարությունը հայտնվել է նախագահի վերահսկողության ծառայության ու Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում։ Կատարված ստուգումների արդյունքում՝ այդ օղակների կողմից բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նախարարությունում։ Ըստ մեր աղբյուրների՝ մեկ տարուց ավելի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Մարտիրոսյանը իր գործունեության ընթացքում աղաղակող չարաշահումներ է կատարել։ Նա, ըստ էության, հետ չի մնացել իր նախորդից՝ Գագիկ Բեգլարյանից, նորացված տարբերակով կատարելագործելով վերջինիս աշխատաոճը։ Նախագահականին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս թեմայով առաջիկայում բում է լինելու։ Սպասենք նոր զարգացումների»։


«Հրապարակ» թերթը գրում է. ««Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումների ընթացքում եւ դրա շուրջ առաջացած աղմուկի մեջ առանձնապես չի լսվում մեր ազատասեր գործիչների ձայնը: Ո՛չ փողոց են նետվում, ո՛չ կուրծք ծեծում, ո՛չ էլ, մանավանդ, մոխիր լցնում գլուխներին: Իսկ եթե նրանք չեն պայքարում, ապա էլ ո՞վ պետք է պաշտպանի այս ազատաշունչ օրինագիծը, որպեսզի այն օրենք դառնա, պարտադիր նորմ մեր եվրոպականացվող նիստուկացում:


Մենք հասկանում ենք, որ դժվար է հայ հասարակության մեջ այս ականը ներդնելը, բայց մյուս կողմից էլ մենք բազմաթիվ արեւմտամետ գործիչներ ունենք, որոնք մի ամբողջ կյանք այդ նույն հասարակությանը եվրոպական արժեքներ են քարոզել ու համոզել, որ հայը պետք է վերջապես իջնի լեռներից ու ապրի ինչպես առաջադեմ մարդկությունը: «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծը, մինչդեռ, առաջին ծիծեռնակներից է միայն, այսպես ասած` փորձաքար, որպեսզի նաեւ Եվրոպան հասկանա, թե առեւտրի ոլորտից բացի, մյուս ոլորտներում, դիցուք` բարոյականության, մենք որքանով ենք պատրաստ իրեն ինտեգրվելու:


Եվ պատկերացրեք` այս վճռական պահին մեր տարատեսակ ազատականները, գրանտակեր ՀԿ-ները, «կոտոշներ եւ սմբակներ» մթերող արեւմտյան գրասենյակները համարյա լռում են: Իսկ ի՞նչ են անելու նրանք, երբ հերթը հասնի Հայոց բանակում սեռական փոքրամասնությունների ծառայել-չծառայելու օրինագծին, երբ Եվրոպայից ասեն, որ ժամանակն է միասեռ ամուսնությունների գրանցումը թույլատրել: Ի վերջո, այսպիսի բաներով է ժամանակակից Եվրոպան մեզ ասոցացնում իր հետ եւ ոչ թե Բալզակի եւ Գյոթեի, Դյումայի եւ Շեքսպիրի, Բախի եւ Մոցարտի անմահ ստեղծագործությունների մեր իմացությամբ: Եթե այն, ինչ ժամանակակից Եվրոպան եւ Արեւմուտքը փորձում են ներմուծել Հայաստան, իրոք լավ բան է, ապա ինչո՞ւ են մեզ փող տալիս դրա համար: Ինչ է, մեզ առնո՞ւմ են: Կա՞ այսօր Հայաստանում մի մայր, որ իր երեխայի փափուկ տեղերի վրա մատնահետք թողած չլինի, կա՞ մի հայր, որ խոսքով, հայացքով եւ հայրական ապտակով սնած չլինի իր որդուն: Հետեւաբար, ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի»:


ՀՀ կառավարության հերթական որոշման արդյունքում առաջիկայում ավելի քան 11 մարդ գործազուրկ կդառնա։ «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ առողջապահության նախարարությունը նախատեսել է «Ն.Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ»-ը միացնել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին։ Ըստ թերթի, հիմնավորումն այն, որ վերջին տարիներին ընկերությունը անարդյունավետ է գործել, որը պայմանավորված է կադրերի տարիքային բարձր ցենզով, շենքային անհարմարավետ պայմաններով։