Ազգային ժողովը նոյեմբերի 13-ի նիստում շարունակել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումը: Բյուջետային փաստաթղթի վերաբերյալ հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա անդրադարձել է այն դիտարկումներին, մտահոգություններին եւ առաջարկներին, որոնք ներկայացվել են պատգամավորների կողմից Պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երկրի գալիք տարվա գլխավոր փաստաթղթի վերաբերյալ քննարկման ընթացքում: «Հանձնաժողովի նիստում առաջարկ ներկայացվեց, որ հետայսու Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացվող բյուջետային հայտում ինչպես ամբողջ գերատեսչության, այնպես էլ ոստիկանության մասով անպայման տեղ գտնեն նախորդող համապատասխան ժամանակաշրջաններում համակարգի գործունեության տարբեր ոլորտներում առկա քանակական եւ որակական արդյունքների վերաբերյալ վիճակագրական տվյալներն ու դրանց կապակցությամբ իրականացված նպատակային համապատասխան վերլուծությունները»,- նշել է զեկուցողը եւ հավելել, որ դա հնարավորություն կտա առավել իրական պատկերացումներ կազմել տվյալ գերատեսչության կողմից ներկայացվող բյուջետային հայտի հիմնավորվածության վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը խոսել է Զինված ուժերում կադրային ռեսուրսի օպտիմալացման, ռազմական արդյունաբերության զարգացման, ինչպես նաեւ արտաքին հետախուզական ծառայության գործունեության կարեւորության մասին: Անդրանիկ Քոչարյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին: Գալիք տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ են ունենում պատգամավորները: