ՆԳՆ ՓԾ պատվիրակությունը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 17-18-ը Տաջիկստանի Հանրապետությունում մասնակցել է բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով ԱՊՀ միջպետական խորհրդի 37-րդ նիստին: Սեպտեմբերի 17-ին նիստի մասնակիցներին Շախրինավայի փրկարարների վերապատրաստման ազգային կենտրոնում ներկայացվել են կենտրոնի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան հնարավորությունները, ուսումնական տեղամասերը, դաշտային ավանը, տեխնիկական միջոցները, գույք-սարքավորումներն ու հրշեջ-փրկարարական տեխնիկան։ Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած միջպետական խորհրդի նիստում ելույթ է ունեցել նաև ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Նա ՆԳ նախարարի անունից ողջունելով նիստի մասնակիցներին՝ ներկայացրել է ՆԳՆ-ում և, մասնավորապես, Փրկարար ծառայությունում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև ՌՀՄԱԿ համագործակցության շրջանակում վերապատրաստումների և տեխնիկական հագեցվածության ուղղությամբ աշխատանքները։ Կամո Ցուցուլյանը հավաստիացրել է, որ ՆԳՆ Փրկարար ծառայությունը պատրաստակամ է առավելագույն ջանքեր գործադրել ԱՊՀ մասնակից պետությունների հետ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ՝ հանուն մարդասիրական գաղափարների և բնակչության անվտանգության։ Նիստի ավարտին ամփոփվել են հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, ինչպես նաև ստորագրվել ԱՊՀ-ում արտակարգ իրավիճակների ոլորտին վերաբերող մի շարք միջպետական համաձայնագրեր։