23.03.2026
Հայաստանն ու Եվրամիությունը ունեն լուրջ ընդհանուր շահեր. Բրյուսել
15.09.2017
Հայաստանն ու Եվրամիությունը ունեն լուրջ ընդհանուր շահեր. Բրյուսել

Հայաստանի հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ, Հայաստանն ու Եվրամիությունը ունեն լուրջ ընդհանուր շահեր, ասել է Եվրոպական Հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը Բրյուսելից «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում: «Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը: Այս արժեքները գտնվում են նոր համաձայնագրի եւ մեր համագործակցության հիմքում», ասել է Կոսիանչիչը: Եվրամիության եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների ամբողջ փաթեթը տեղ է գտել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում, որը կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում: Եվրամիության ներկայացուցչի խոսքով, մասնավորապես, նոր համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առեւտրի եւ ներդրումների ընդլայնման հեռանկարներ: Համաձայնագիրը կբացի նաեւ համագործակցության նոր դռներ հայ արտադրողների համար. «Ինչպես գիտեք, Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի առեւտրային հիմնական գործընկերն է՝ Հայաստանի առեւտրաշրջանառության 26 տոկոսը ԵՄ-ի հետ է: Հավատացած ենք, որ առեւտրի ոլորտում այս համագործակցությունը նույնպես կընդլայնվի։ Հայ արտադրողները նոր արտոնություններ կստանան Հայաստանում արտադրված ապրանքները Եվրամիություն ներկրելու համար»: Համաձայնագիրը նաեւ նոր խթան կհանդիսանա Երեւանի եւ Բրյուսելի քաղաքական հարաբերությունների զարգացում համար: ՀԻշեցնենք, որ 2013-ին տապալվեց Հայաստան-Եվրամիություն Ասոցացման հիմնական համաձայնագրի ստորագրումը: Այս անգամ սակայն համաձայնագիրը կարծես թե կստորագրվի, նշում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:  Ամեն դեպքում, Եվրամիության ներկայացուցչի խոսքով, Բրյուսելը Հայաստանից չի պահանջում կողմերի միջեւ ընտրություն կատարել. «Մենք չենք պահանջում մեր գործընկերներից ընտրություն կատարել Եվրամիության եւ այլ գործընկերոջ միջեւ: Մենք իրոք հետաքրքրված ենք Հայաստանի պետականության ամրության եւ կայունության մեջ»: Մայա Կոսիանչիչի խոսքով, ԵՄ-ն առաջին հերթին հետաքրքրված է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի վերացման եւ օրենքի գերիշխանության հաստատման մեջ: Այս նպատակներով 2014-ից 2016 թվականներին միայն Հայաստանին Եվրամիությունից հատկացվել է շուրջ 150 միլիոն եվրոյի դրամաշնորհներ: