10.01.2025
Թուրքիայում ավտոբուս է պայթեցվել. կան զոհեր եւ վիրավորներ
17.12.2016
Թուրքիայում ավտոբուս է պայթեցվել. կան զոհեր եւ վիրավորներ

Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանի մոտակայքում հզոր պայթյուն է որոտացել։ Պայթեցվել է ավտոբուս, որի մեջ եղել են զինվորականներ: Ահաբեկչական հարձակման ընթացքում մահացել է 13 զինծառայող։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է երկրի ԶՈՒ-ն՝ հավելելով, որ վիրավորվել է 48 մարդ։ Ավելի վաղ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը հայտնել էր 9 զինծառայողի մահվան մասին: Reuters-ը հաղորդել էր հարձակման հետևանքով ավելի քան 25 տուժածի մասին, հատնում է tert.am-ը: Թուրքական «Հաբեր Թյուրք» կայքի փոխանցմամբ՝ տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում պայթեցված հասարակական ավտոբուսի մեջ գտնվել են քաղաքացիական հագուստով զինվորականներ: Վերջիններս հատուկ թույլտվությամբ դուրս էին եկել զորամասերից՝ առևտրի նպատակով: Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները դեպքի վերաբերյալ լուսաբանման պետական արգելք են սահմանել: Այժմ դեռ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեպքի առիթով հատուկ արտահերթ խորհրդակցություն է անցկացնում Անկարայի Էսոնբողա օդանավակայանում, որտեղից պետք է գործուղման մեկներ Մարաշ։ Թուրքիայում այս տարի կտրուկ աճել է ահաբեկչությունների քանակը: Մեկ շաբաթ առաջ 40 մարդ զոհվեց Ստամբուլում տեղի ունեցած երկու ահաբեկչական հարձակումներից հետ: Այդ ահաբեկչական հարձակման պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Քուրդիստանի ազատության արծիվներ» խմբավորումը: