23.08.2025
ԱՄՆ պաշտոնյաները բաց են ՀՀ հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի բանակցություններին
26.07.2017
ԱՄՆ պաշտոնյաները բաց են ՀՀ հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի բանակցություններին

ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ հարկային քաղաքականության հարցերով օգնականի պաշտոնի թեկնածուն պարտավորվել է անդրադառնալ ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների խոչընդոտներին: Ֆինանսների նախարարության հարկային քաղաքականության հարցերով բաժնի ղեկավարի պաշտոնի թեկնածու Դևիդ Կոտերն իր պատրաստակամությունն է հայտնել Սենատում թեկնածության հաստատման գործընթացի ժամանակ, Կոնգրեսի շահագրգիռ կողմերի և Ֆինանսների նախարարության անձնակազմի հետ անդրադառնալ ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագրին: Խոսքը տնտեսական պայմանագրի մասին է, որը պաշտպանում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը և որը կոչված է երկկողմ առևտրի և ներդրումների աճի խոչընդոտները վերացնելուն: Ավելի վաղ նախարարի գործող օգնական Ջոն Հեֆերնը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագիրն «ակտիվ քննարկվում է» Պետքարտուղարության կողմից: Կոտերի թեկնածությունը, որը միաձայն ընդունել է Սենատի ֆինանսական հանձնաժողովը՝ հուլիսի 18-ին, ուղարկվել է Սենատ: Պատասխանելով կոնգրեսականների հարցերին՝ Կոտերը պարտավորվել է առկայության դեպքում պատշաճ կերպով զբաղվել ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների խոչընդոտների վերացմամբ: Նա իր պատրաստակամությունն է հայտնել ուսումնասիրել Հայաստանի հետ հարկային պայմանագրի դրական և բացասական կողմերը և տեղեկանալ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խոչընդոտների մասին: «Մենք ուրախ ենք տեսնել, որ մեր Ֆինանսների նախարարությունը և Պետքարտուղարությունն ավելի բաց են դառնում ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկումը բացառող պայմանագրի բանակցությունների համար՝ երկար սպասված երկկողմ համաձայնագիր, որը, հաստատվելու դեպքում, կվերացնի ԱՄՆ-Հայաստան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման խոշոր խոչընդոտը»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, գրում է tert.am-ը: