26.11.2024
Վարչապետն ու Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են հակամարտության գոտում իրավիճակին
prev Նախորդ նորություն

Պարտադրել են «Երևան» հիմնադրամին գումարներ փոխանցել ու հափշտակել են դրանց մի մասը․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:


Ինչպես հայտնում են ՀՀԾ-ի մամուլի ծառայությունից, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:


Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով:


Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:


Ավելի վաղ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երեւանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երեւան» հիմնադրամը լուծարելու հարցը:


Արայիկ Հարությունյանը եւ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ավելի վաղ դատի էին տվել հիմնադրամին՝ նշելով, որ այնտեղ հնարավոր է լինեն կոռուպցիոն սխեմաներ:


«Երեւան» հիմնադրամը պետական գրանցում է ստացել 2007 թվականին, հոգաբարձուների խորհրդի նախագահն է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, խորհրդի կազմում են նաեւ քաղաքապետի տեղակալները, խորհրդականը, աշխատակազմի քարտուղարը, քաղաքապետարանի տարբեր վարչությունների պետեր, ինչպես նաեւ ավագանու անդամներ: