Հայաստանի կառավարությունը հունիսի 11-ի արտահերթ նիստում կքննարկի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը:
Նույն օրը, ժամը 17:30-ին, կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ հանդես եկող «Դեմ եմ» թիմի անդամները կառավարության դիմաց բողոքի ցույց կանեն: Հատկանշական է, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար։
Ըստ նրա, ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, և տվյալ խնդրի շուրջ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ռիսկերը, որ ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա:
Կառվարության նիստի օրակարգում առկա նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: Նշվում է, որ համակարգին անդամակցող, ինչպես նաև նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է: Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձևավորվի հետևյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համակարգի ամբողջական ներդրումը կարևոր է՝ հաշվի առնելով փաստերը, որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում և շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:
Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրները աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ կառավարող ընկերություններ և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին:
Ավելի վաղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջարկել է վարձու աշխատողների համար մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցությունը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Թանդիլյանը տեղեկացրել էր, որ ներկայացրել է գործընթացը մեկ տարով հետաձգելու նախագիծ: