Փաշազադեի կոչը մահմեդականներին ոչ այլ ինչ է, քան Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:Ինչպես ավելի վաղ նշել էինք, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել հանուն Ղարաբաղի:Շարմազանովի խոսքով, կրոնական երանգավորում հաղորդելու բոլոր փորձերը ձախողված են, քանի որ Արցախյան հիմնահարցը կրոնական երանգ չունի: Ավելին.«Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելն անբարոյականություն է»,- շեշտել է նա:Էդուարդ Շարմազանովը նաև հիշեցրել է, որ Իրանի իսլամական հանրապետության և արաբական մի շարք երկրների հավասարակշռված մոտեցումն Արցախի հարցին խոսում է այն կարևոր փաստի մասին, որ Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության բոլոր ջանքերը՝ փորձել Արցախյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, դատապարտված են անհաջողության.«Արցախի երկնակամարում պետք է ծածանվի եռագույնը` ուզեն Ադրբեջանում, թե չուզեն, դա է ցույց տալիս պատմությունը»,- հավելել է նա: