Սեպտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեին՝ ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի: Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարությունների միջեւ ձեւավորված սերտ կապերի եւ գործակցության առիթով` իբրեւ վկայություն երկու հավատակից ժողովուրդների դարավոր բարեկամության: Նախարար Միխեիլ Գիորգաձեն իր խոսքում անդրադարձ կատարեց հայ գործընկերների հետ արդյունավետ համագործակցությանը ու համատեղ մշակութային ծրագրերի իրագործմանը: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արծարծեց նաեւ Վրաստանում հայկական եկեղեցիների եւ մշակութային արժեքների պահպանությանն ու իրավական կարգավիճակին առնչվող հարցեր: Հայոց Հովվապետը մտահոգությամբ բարձրաձայնեց մասնավորապես խոնարհված եւ փլուզման եզրին գտնվող մի շարք եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք եւ հոգածություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ վրաց իշխանությունների կողմից համապատասխան քայլեր կձեռնարկվեն հանգուցալուծելու նշյալ խնդիրները: Վրաց նախարարն իր հերթին լուսաբանություններ տվեց այս ուղղությամբ իրականացված եւ ծրագրվող քայլերի մասին: Վեհափառ Հայրապետը նախարարից հետաքրքրվեց նաեւ Համայն Վրաստանի Իլյա Բ Պատրիարք-Կաթողիկոսի առողջական վիճակով` փոխանցելով Նորին Սրբությանն իր ողջույններն ու բարեմաղթանքները: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օրհնությունն ու պահպանությունը մաղթեց Վրաստանին եւ վրաց ժողովրդին, պայծառություն` Վրաց Ուղղափառ Եկեղեցուն: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի արարողակարգի եւ արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: