Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ։ Նա հանդիպել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանի հետ։ Կողմերն անդրադարձել են ռուս-հայկական հումանիտար և տարածաշրջանային համագործակցության հիմնական ուղղություններին, մասնավորապես, կրթության և հաղորդակցության ոլորտում Գեղարքունիքի մարզի և Ռուսաստանի մարզերի փոխգործակցությանը։ «Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, և մենք դրական ենք գնահատում նրա ներդրումը միության և միասնական շուկայի զարգացման գործում»,- նշել է Սերգեյ Կոպիրկինը։ Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրների լուծմանը։ Վահան Զարոյանը նշել է, որ մարզը Լեռնային Ղարաբաղից ընդունել է 6 հազար 800 մարդու։ Կառավարությունը շուտով կսկսի նրանց համար բնակելի համալիրի կառուցումը։ Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությանը համագործակցության համար և բարձր գնահատել իրականացվող բոլոր ծրագրերը։