Ախալցխայում հոգևորականի դեմ հայց է ներկայացվել, նաև՝ մանկապղծության մեղադրանքով (վիդեո)
Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի բնակիչները հոկտեմբերի 18-ին հայց են ներկայացրել Վրաստանի դատախազություն՝ ընդդեմ իրենց քահանայի: Գյուղացիների խոսքով՝ դատական հայցը ընդդեմ կաթոլիկ եկեղեցու վարդապետ Անատոլի Իվանյուկի կազմված է երեք մեղադրանքներից` հին սրբապատկերի յուրացում կամ վնասում, մանկապղծություն եւ անբարո վերաբերմունք ու վիրավորանքներ ծղալթբիլեցիների նկատմամբ: Այս մասին հաղորդում է akhaltskha.net-ը:
«Մեր եկեղեցում կար Էրզրում քաղաքից բերված մի հին ու արժեքավոր սրբապատկեր, որի վրա պատկերված էր Տիրամայրը մանուկ Փրկիչը գրկում։ Այդ նկարում Տիրամոր ձեռքերը եւ ոտքերը պատված էին արծաթով։ Իսկ պսակը ոսկով էր պատված։ Տարիներ առաջ առանց գյուղացիներին հաշվի առնելու հոգեւորական Անատոլի Իվանյուկը տարավ սրբապատկերը Մոսկվա եւ եկեղեցի վերադարձրեց նկար, որն ավելի շատ նման է վատ պատրաստված բնօրինակի, որում բացակայում են արծաթե ձեռքերը, ոտքերը եւ ոսկուց պատրաստված պսակները, ինչպես նաեւ շատ ուրիշ մասեր։ Կան մարդիկ, որոնք հաստատում են, որ իրական սրբապատկերը վաճառվել է։ Մենք այս առիթով պահանջում ենք, որ անցկացվի անկախ փորձաքննություն եւ ամեն ինչ պարզվի, քանի, որ նկարը շատ մեծ հոգեւոր արժեք ունի մեզ համար»,- ասում է Ծղալթբիլայի բնակիչ Դարբինյան Հովհաննեսը։
Ըստ 85- ամյա Հովհաննես Դարբինյանի կան բազմաթիվ տուժածների վկայություններ, որոնք խոսում են մանկապղծության եւ բռնության դեպքերի մասին։ Այդ ամենից բացի, ազգությամբ լեհ Անատոլի Իվանյուկը բազմաթիվ անգամ անմարդկային վերաբերմունք է դրսեւորել գյուղի բնակչության նկատմամբ Պատարագի քարոզների ժամանակ անվանելով մարդկանց անասուններ։ Նրա խոսքերով՝ տվյալ հոգեւորականը նույնիսկ արել է այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։
«Պատարագի քարոզների ժամանակ ասել է «ոչ թե մեկ միլիոն ու կես պետք է սպանեին թուրքերը, այլ ամբողջ ցեղը պետք է սպանեին, որ մի հայ չմնար»,- պատմում է Հովհաննես Դարբինյանը և հարցին` թե այդ ժամանակ եւս ոչ ոք ձայն չի հանել, պատասխանել է` ոչ, մարդիկ վախենում են նրա անեծքներից ու վրեժխնդրությունից։
Մեկ այլ ծղալթբիլեցի կին, որը չցանկացավ անունը հրապարակել, պատմում է, որ իրենց նկատմամբ տվյալ հոգեւորականը չափազանց վիրավորական ու ամոթալի բառեր է օգտագործել։ Նրա խոսքերով՝ նա նաեւ խորհուրդներ է տվել, որոնք վայել չեն ոչ միայն հոգեւորականին այլեւ ցանկացած նորմալ մարդու։
Գյուղացիների խոսքով՝ իրենց հոգեւորական Անատոլի Իվանյուկը շատ հաճախ հրաժարվում է կնունք եւ թաղում իրականացնել այն անձանց ընտանիքի անդամների համար, որոնք բողոքել են, կամ դեմ են եղել վարդապետի վերոնշյալ արարքներին։
Ծագումով ծղալթբիլեցի հայր Հովսեփ Մելիքսեթյանն ասում է, որ առնվազն 10 քահանա գրավոր կամ բանավոր կերպով դիմել են եկեղեցական ղեկավարությանն Անատոլի Իվանյուկի անվայել վարքի վերաբերյալ, սակայն բողոքները մնացել են անպատասխան:
«Փաստացի բոլոր տուժողները, որոնք սեռական կամ այլ բնույթի բռնությունների պատճառով վերջին տարիներին գրել են մինչեւ Վատիկան, մնացել են առանց որեւէ պատասխանի եւ արդյունքում արդեն 27 տարի ժողովուրդը զրկված է լիարժեք հոգեւոր խնամքից ու հարգալի վերաբերմունքից իրենց ժողովրդապետի կողմից»,- ասում է հայր Հովսեփ Մելիքսեթյանը:
Ծղալթբիլեցիների խոսքով՝ չնայած բոլոր փաստերին, տվյալ հոգեւորականը մեծ աջակցություն ու համակրանք ունի կաթոլիկ եկեղեցու վերին օղակներում և այդ իսկ պատճառով բազմաթիվ անարդյունք նամակներից եւ դիմումներից հետո, որոնք ուղղված էին կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին ու այլ մեծավորներին, ժողովուրդը որոշում ընդունեց դիմել Վրաստանի դատախազությանը։