Թուրքիան ցամաքային ռազմական գործողություն է սկսել Իրաքի հյուսիս-արևմուտքում՝ Սինջար քաղաքի շրջանում: Այդ մասին է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք ասել ենք, որ շարժվում ենք Սինջարի ուղղությամբ: Գործողությունն այնտեղ արդեն սկսվել է», -ասել է նա՝ մանրամասներ չնշելով, գրում է Deutsche Welle-ն: Իրաքի անվտանգության ուժերը շեշտում են, որ տարածքում չկան երրորդ երկրների զինվորական կազմավորումներ: Մարտի 23-ին Քրդստանի համայնքների միությունը հայտնել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հեռանում է Սինջարից, որտեղ տեղակայված էր 2014-ից՝ ԻՊ դեմ պայքարի շրջանակում: