14.05.2025
HALO Trust կազմակերպությունը հաստատում է՝ ականի վրա պայթած անձիք Արցախի քաղաքացիներ են
29.03.2018
HALO Trust կազմակերպությունը հաստատում է՝ ականի վրա պայթած անձիք Արցախի քաղաքացիներ են

Մարտի 29-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի Ղազանչիի շրջանում հակատանկային ականների ականազերծման պատահական պայթյունի հետեւանքով զոհվել է երեք եւ վիրավորվել մեր երկու աշխատակից: Այս մասին ասված է HALO Trust կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ: Արդեն հայտնել էինք, որ այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում։ Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետեւանքով կա 3 զոհ եւ 2 վիրավոր։ Զոհերն ու վիրավորները HALO Trust-ի աշխատակիցներ են: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանն ասել է, որ երկու հիվանդի վիրահատություններն արդեն ավարտված են: «Նրանցից մեկի՝ 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանի մոտ առկա էին ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք: Վիրահատությունից հետո նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Իսկ 1987 թվականին ծնված Գարիկ Ղահիրյանի երկու վերջույթներն էլ անդամահատվել են. վիճակը ծանր է»,- տեղեկացրել է Խաչատրյանը: Նշվում է նաեւ, որ վիրավորները Արցախի քաղաքացիներ են: HALO Trust կազմակերպությունը ողբերգական դեպքի մասին պաշտոնական հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ մարտի 29-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի Ղազանչիի շրջանում հակատանկային ականների ականազերծման պատահական պայթյունի հետեւանքով զոհվել է երեք եւ վիրավորվել մեր երկու աշխատակիցը: Նրանք այդ ժամանակ եղել են մեքենայում՝ ականազերծման պարտականություններ իրականացնելիս: Տուժածներն այս պահին բուժվում են Ստեփանակերտի հիվանդանոցում եւ HALO-ն կապ է հաստատում Լեռնային Ղարաբաղում գտնվող նրանց ընտանիքների հետ: Մենք սերտորեն համագործակցում ենք տեղական ոստիկանության եւ իշխանությունների հետ, եւ կոչ ենք անում արտաքին քննիչներին զեկուցել դեպքի ամբողջական փաստերի մասին: Ամբողջ աշխարհում ամեն օր շուրջ 8000 HALO աշխատակից գնում է աշխատանքի այն վայրերում, որտեղ ոչ ոք չի կարող անգամ քայլել, եւ այս ողբերգական դեպքը ի ցույց է դնում նրանց առերերսված վտանգներն ու մեր աշխատանքի կարեւորությունը: Մեր գործընկերները զոհվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հողն անվտանգ դարձնելիս»: