23.12.2024
ԱՄՆ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին. Թիլերսոն
07.12.2017
ԱՄՆ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին. Թիլերսոն

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «Մենք աջակցում ենք ԼՂ խնդրի լուծում գտնելուն ուղղված Մինսկի խմբի ջանքերին: Մեզ գոհացնում են այն հանձնառությունները, որոնք հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, մասնավորապես՝ աշխուժացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը շփման գծում: Կարևոր առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք: Մենք ողջունում ենք երեկ կողմերի կայացրած որոշումը՝ խոսելու խնդրի մասին»,- ասել է Թիլերսոնը: Նա ընդգծել է ձգձգված հակամարտություններում առաջընթաց գրանցելու կարևորությունը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Վրաստանում և Մոլդովայում: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: