Այս րոպեներին լարված իրավիճակ է Երևանի քաղաքապետարանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները մտել են շենք և փորձում են ներխուժել Մարգարյանի աշխատասենյակ: Հրմշտոց ու քաշքշուկ է նրանց և քաղաքապետարանի որոշ աշխատակիցների միջև: Ակտիվիստները այստեղ են եկել Մյասնիկյանի արձանի ետնամասի այգուց, որտեղ վերջին ամիսներին վերակարգման աշխատանքներ են տարվում և բոլոր ծառերը հատվել են. նախօրեին հրապարակված լուսանկարը դրա ապացույցն է ու հանրային մեծ դժգոհության առիթ է դարձել: Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը ակտիվիստներին հրավիրեց նիստերի դահլիճ, սակայն վերջիններս հրաժարվում են քննարկել իրավիճակը որևէ մեկ այլ անձի հետ, պահանջում են միայն Տարոն Մարգարյանին: