Միայն հարկային պարտավորությունների չկատարման մասով վերջին 1.5 ամսվա ընթացքում՝ հուլիսի 1-ի դրությամբ, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս (շուրջ 42 մլն դոլար): Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքար: Փաշինյանը նշեց, որ ամփոփելով տվյալները արձանագրել են, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի մասով միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի 1 դրությամբ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս, կամ չվճարված հարկ. խոսքը 42 մլն դոլարի մասին է:
«Սա շատ կարևոր ցուցանիշ է և այս ուղղությամբ մեր աշխատանքները պետք է շարունակենք»,- հայտարարեց Փաշինյանը: Նրա խոսքով, սա իրականում 1.5 ամսվա ցուցանիշ է:
Փաշինյանն անդրադարձավ նաև այն լուրերին, թե պետբյուջեում այս թիվը չի արտահայտվում՝ նշելով, որ այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով, այդ վերականգնումները հնարավոր են դարձել ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ոստիկանության համատեղ ջանքերով: Ինչ վերաբերում է նշված 20 մլրդ դրամին, ապա այդ թիվը օր-օրի փոփոխվում է և ունի բարձրանալու միտում.
«Այս պահի դրությամբ նշված գումարը 73 տնտեսավարողների վարքագծի արդյունք է: Մենք կարող ենք դա բաժանել երեք մասի: 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, 12 մլրդ դրամն առաջադրվել է, որպեսզի մուտք արվի բյուջե, իսկ 7 մլրդ դրամը գանձման փուլում է: Վերականգնումը դեռևս չի նշանակում մուտք բյուջե, նշանակում է, որ վերականգնվել է ընկերությունների հաշիվներին, որը ակտի ստորագրումից հետո կմուտքագրվի բյուջե»,- ասաց Դավիթ Անանյանը:
Վարչապետը վստահեցրեց, որ նշված գումարը փաստացի կտեղափոխվի պետական բյուջե ու այս միջոցները որևէ տեղ չեն կարող կորել: Նրա խոսքով՝ դրանք վերականգնված գումարներ են և ընդամենն ընթացակարգերի խնդիր է: Նաև հիշեցրեց, որ հենց այս գումարի մասին է խոսքը, երբ ասում են, որ 10 մլրդ դրամ կհատկացնեն մարզերին: Վարչապետը նաև համոզմունք հայտնեց, որ պետությանը հասցված վնասների վերականգնման պրոցեսը կշարունակվի և կլինեն ավելի լավ արդյունքներ: