VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հրաժարական ներկայացրեց: Սա միանգամայն սպասելի իրադարձություն էր. տեւական ժանանակ է՝ Մարգարյանը փաստացի դադարեցրել էր գործունեությունը: Հունիսի 28-ին չի մասնակցել ավագանու նիստին, թեեւ բացակայությունը պաշտոնապես պատճառաբանվեց վատառողջությամբ: Միաժամանակ իրավական դաշտում Տարոն Մարգարյանի շուրջ գնալով սեղմվում էր օղակը. ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում քրեական գործեր են հարուցվել, որոնցում շրջանառվում է նաեւ նրա անունը: ԱԱԾ-ն զբաղվում է նաեւ Մարգարյանի ունեցվածքի օրինականությունն ուսումնասիրելով: Այնպես որ, տեղի ունեցածը որեւէ նորույթ չէր, չնայած թավշյա հեղափոխությունց հետո Մարգարյանն ասել էր, թե իր օրակարգում հրաժարականի հարց չկա: Հետաքրքիրն այն է, որ Մարգարյանը որեւէ կերպ չի մեկնաբանել իր հրաժարականը, չի մատնանշել թեկուզ եւ չնչին պատճառ: Պարզ չէ՝ հրաժարականը համաձայնեցված է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, թե ոչ: Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին` ասելով, թե «հրաժարականի տեքստում ամեն ինչ ասված է»: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը երեկ չէր պատասխանում «Ժողովուրդ» օրաթերթի հեռախոսազանգերին: Մինչ այդ, հիշեցնենք, Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հայտարարել էր, թե ինքը Մարգարյանին մեկ անգամ կհորդորի հրաժարական ներկայացնել, ու վերջինս կհետեւի այդ հորդորին, վարչապետը նաեւ ասել էր, թե Մարգարյանը քաղաքապետ է դարձել ընտրակաշառքով: Ու հիմա պարզ չէ՝ Մարգարյանի հրաժարականը Փաշինյանի հորդորով է տեղի ունեցել, թե նա այդ քայլին գնացել է` հարուցված ու նախապատրաստվող քրեական գործերը տեսնելով: Մյուս կողմից, սակայն, պետք չէ մոռանալ, որ Մարգարյանը ՀՀԿ ԳՄ անդամ է, ԱԺ ընտրություններում էլ ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարն էր: Ասել է, թե նա նախկին իշխանության առանցքային դեմքերից էր, որն ընդունելի չէր նոր իշխանությունների համար:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հուլիսի 6-ին ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատմական հանդիպում ունեցավ ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։ Պատմական՝ քանի որ Գրիգորյանի անձի հետ կապված՝ ռուսական կողմը վերապահում ունի՝ որպես ակնհայտ արեւմտամետի։ Սակայն հանդիպումը, ինչպես տեղեկացանք, հարթ չի ընթացել։ Պատրուշեւը հայտարարել է, որ Ռուսաստանը ԼՂ հարցում փուլային տարբերակի կողմնակիցն է, իսկ Արմեն Գրիգորյանը չի համարձակվել առարկել ավագ գործընկերոջը։ Արդյունքում ՌԴ ԱԱԽ-ն հաղորդագրություն է տարածել՝ գրելով, որ Ռուսաստանը տարածաշրջանում կայունության եւ ԼՂ խնդրի «խաղաղ փուլային կարգավորման» կողմնակիցն է։ Այն տարածելուց հետո հայկական կողմը գերջանքեր է գործադրել այն սրբագրելու՝ «փուլային կարգավորում» բառերը տեքստից հանելու համար։ Սքրինշոտները մեր տրամադրության տակ են»։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ ՀՀԿ-ի «տիտանիկը» դանդաղ խորտակվում է, սակայն Սերժ Սարգսյանի համառությունը զարմացնում է։ Նա մասնակցում է քեֆ-ուրախությունների ու կուսակիցներին համոզում չլքել շարքերը, չհանձնվել։ Օդիոզ ՀՀԿ-ականներից շատերը հավատում են կուսակցապետին, աջուձախ ասում են, թե իշխանությունը մի քանի ամսով են հանձնել, որ ժողովուրդը տեսնի՝ իրենցից լավը չկա, նորից հետ կանչի իրենց։ Ի դեպ, ՀՀԿ-ական տուսովկան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցած ուրբաթ Արարատի մարզի Դաշտավան գյուղում մասնակցել է իրենց կուսակից պատգամավոր Մուրադ Մուրադյանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են Գալուստ Սահակյանը, Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանը, Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը, Նաիրի Սահակյանը եւ այլք։ Ներկա է եղել նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ով Մուրադյանի հարեւան գյուղից է: Մատաղի արարողություն է կատարվել, 7 գառ է մորթվել, քաղաքական գործիչները եւ դաշտավանցիները միասին համայնքի միջոցառումների համար նախատեսված սրահում հաց են կիսել։ Մասնակցել են նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու նրա եղբայր Գոռ Համբարձումյանը, որոնք նույնպես ծնունդով դաշտավանցիներ են, Մուրադյանի մտերիմները։ Մատաղի արարողությունից հետո իրավապահները նրանց ձերբակալել են հայրենի գյուղից։ Քեֆ-ուրախությունն ավելի ուշ ՀՀԿ-ական այրերն ու պատգամավորի հարազատները շարունակել են Զվարթնոց համայնքում գտնվող ռեստորաններից մեկում, որտեղ նշել են Մուրադյանի կրտսեր որդու երեխաների կնունքի արարողությունը»։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե յուր անձնական ճակատին ՕԵԿ, ԲՀԿ, ՀՀԿ գրած Սամվել Բալասանյանն այնքան է տարվել օրվա թրենդով, որ եթե ոչ վաղ անցյալում Ռուսաստանի անունը տալիս ծնկները ծալվում էին, ճակատը՝ հալվում, այս օրերին կացինը վերցրել ու պապից կաթոլիկ հարվածներ է տեղում Գյումրիի` ռուսական ռազմաբազայի ղեկավարության հասցեին, ավելին, ասում են՝ անգամ նամակ է գրել ռուսաց պաշտպանության նախարար պարոն Շոյգուին, թե՝ եկեք, մեր փողոցները ասֆալտապատեք՝ ձեր ծանր տեխնիկայի «մոմենտով»։ Այս մետամորֆոզի պատճառը մեկն է՝ մինչև ոսկրածուծը հաճոյանալ օրվա իշխանություններին, որպեսզի վերջիններս թույլ տան հիմա էլ ճակատին ՔՊ գրել։ Գյումրեցիներն այս առիթով արդեն կատակում են՝ «Էսպես օր էրթա, Բալասը վայ թե զորամաս տանող փողոցները անձամբ կփակե, կնստի տանգերի առաջ, ինչ է թե, գործից չհանեն»։
«Ժամանակ» թերթը գրում է․ «Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած բացահայտումները կարող են հերթական սկանդալի պատճառ դառնալ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել նաև արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Կա հարուցված քրեական գործ, որով կան ձերբակալված նախկին պաշտոնատար անձինք, որոնց անունները գաղտնի են պահվում։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում է ԱԻՆ նախկին փոխնախարար Համլետ Աբրահամյանը, ով հայտնի է նաև «տառական» մականունով։ «Տառականը» ԱԻՆ-ում էր հայտնվել դեռևս ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանի ժամանակ։ Երիցյանը Աբրահամյանին իր հետ ԱԻՆ էր տարել Ոստիկանության 6-րդ վարչությունից։ Մեզ հասած տեղեկություններով՝ ձերբակալված հաջորդ պաշտոնյան ԱԻՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանն է։ Նա այդ պաշտոնում էր 2016 թվականի հոկտեմբերից և ազատվեց այս տարվա մայիսի 17-ին կառավարության որոշմամբ։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է նաև ԱԻՆ ֆինանսական վարչության նախկին աշխատակցուհի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ հայտնաբերվել է «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի դին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա ինքնասպանություն է գործել՝ պարգեւատրված զենքով կրակելով իր բերանի մեջ: Գաբրիելյանի ինքնասպանությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Ինչպես հայտնի է` նրա թոռները՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյանները, պարբերաբար հայտնվում էին ամենատարբեր աղմկահարույց իրադարձությունների կիզակետում, իսկ վեց ամիս առաջ կալանավորվել էին: Ու հիմա իրավապահները պետք է պարզեն՝ արդյո՞ք Գաբրիելյանի ինքնասպանությունը թոռնիկների հետ կատարվածի հետեւանք է, թե՞ ոչ: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները դեպքից հետո փորձել են հարցաքննել նրա հարազատներին` հասկանալու համար, թե ի՞նչ խնդիրներ են եղել, սակայն քննիչներին չի հաջողվել որեւէ հարցաքննություն իրականացնել, քանի որ կատարվածը այն աստիճան շոկ է ընտանիքի համար, որ նրանք ի վիճակի չեն որեւէ ցուցմունք տալու»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավապահներն սկսել են իրենց ուշադրությունը սևեռել նաև Ազգային պատկերասրահի ուղղությամբ: Բանն այն է, որ առանձին անձանց տներում կատարված խուզարկությունները, ինչպես նաև իրենց ունեցած այլ օպերատիվ տվյալներ հուշում են, որ այս կառույցում նախորդ տարիներին բավական «հետաքրքիր» բաներ են կատարվել: Իրավապահներին ի մասնավորի հետաքրքրում են տարբեր նախարարություններ, ինչպես նաև արտերկիր «գործուղված» մի շարք կտավների ճակատագրերը, ինչպես նաև առկա ֆոնդում հնարավոր կեղծումների հնարավորությունը: Բանն այն է, որ հասարակության մեջ կասկածներ կան, թե «գործուղված» թանկարժեք կտավների մի մասն այժմ արդեն օրիգինալը չէ: Խնդիրներ կան նաև այն առումով, թե որքանով են հավաստի տեղեկությունները որոշ գործերի՝ դեռևս շատ տարիներ առաջ այս կամ այն պաշտոնյաներին նվիրաբերելու և որպես կորուստ ձևակերպելու առումով: Մեր ունեցած տեղեկություններով, ԱԱԾ–ն օրերս այցելել է Ազգային պատկերասրահ ու որոշակի գործողություններ իրականացրել»: