26.11.2024
ՀՀ և Արցախի անվտանգություն, ԶՈՒ արդիականացում. Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ՊՆ տեսլականը
prev Նախորդ նորություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել Հայկ Գրիգորյանը

Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:


Մինչ այս Գրիգորյանը զբաղեցնում էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:


Շնորհավորելով նշանակումը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարը առաջնահերթություն է և ընդգծեց, որ այդ բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքներն ու օրինականության մյուս երեսը: 


«Մենք պետք է 100 տոկոսով ապահովենք օրինականությունը: Ես հույս ունեմ, որ քննչական կոմիտեն հենց այս տրամաբանությամբ կգործի», - ասաց վարչապետը:


Գրիգորյանը հավաստիացրեց, որ որևէ կաշկանդվածություն չունեն իրենց լիազորությունների իրականացման հարցում:


Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 11-ին: Աղվան Հովսեփյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի հուլիսից:


***


Կենսագրություն


Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:


1994 - 1996 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:


Բարձրագույն իրավաբանական կրթությունը ստացել Ռուսաստանի Դաշնությունում: 2001 թվականին գերազանցությամբ՝ ոսկե մեդալով, էքստեռնով ավարտել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի դատախազաքննչական ֆակուլտետը:


2001 - 2006 թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երևանի կայազորներում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ:
2006 թվականից տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն:
2006 թվականի սեպտեմբերի 11-ին գործուղվել է ՌԴ ՊՆ Ռազմական համալսարանի ադյունկտուրա:
2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
2009 թվականի դեկտեմբերի 21-ից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շարունակել է ծառայությունը ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչի պաշտոնում:
2010 -2011 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հադրութի կայազորային քննչական բաժնի պետ:
2011 - 2014 թթ. - ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ:
2014թ. - 2015 թվականի հունվարի 14-ը - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:


14.01.2015-10.07.2018 թթ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:


ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահ


2015թ. հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով շնորհվել է արդարադատության գնդապետի կոչում, զինվորական կոչումով փոխգնդապետ է:


2013-2014թթ. ՌԴ և ՀԱՊԿ անդամ պետությունների բարձրագույն ռազմական կրթության ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության հանձնաժողովի որոշմամբ և 08.08.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 878 հրամանով հեռակա ուսուցմամբ ընդունվել է ՌԴ ՊՆ Ռազմական համալսարանի դոկտորանտուրա, որտեղ հաստատվել է դոկտորական ատենախոսության թեման՝ «Զինված ընդհարման ժամանակ հակամարտող կողմերի կատարած պատերազմական հանցագործությունների քննության միջազգային իրավական և կազմակերպչական հիմունքները» վերտառությամբ:


Հեղինակ է 45 գիտական հոդվածների ու աշխատությունների, իրավաբանական գիտությունների թեկնածու է:


Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է մի շարք պետական և գերատեսչական պարգևներ: Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի», «Անբասիր ծառայության համար 2-րդ աստիճանի», «Վազգեն Սարգսյան», «Ռազմական համալսարանի 90-ամյակ», «ՀՀ Զինված ուժեր 20 տարի», «Անձնվիրություն և անվեհերություն, «Միջազգային համագործակցման ամրապնդման», «Գերազանց ծառայության համար» գերատեսչական մեդալներով, «ԼՂՀ պաշտպանության բանակ» հուշամեդալով, 2 անգամ «ՀՀ Վարչապետի հուշամեդալ»-ով, մի շարք պատվոգրերով: