Երբեմն մեզ թվում է՝ ամեն ինչ փողն է որոշում, բայց դա պատրանք է. Ռուբեն Վարդանյան
Հեղինակավոր Forbes հանդեսի 100-ամյակի առթիվ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը կիսվել է հաջողության գնահատման չափանիշների, մարդկության ապագայի, կրթության՝ օրեցօր մեծացող կարևորության մասին իր ուշագրավ մտքերով:
«Մի շատ լավ ու խելացի ծանոթ ունեի, որը 1990-ական թվականներին ինչ-որ առիթով ասաց, որ մարդու հաջողակ լինելու չափանիշն այն է, թե նա առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու որքան գումար կարող է պարտքով վերցնել ընկերներից: Բայց, առհասարակ, հաջողության չափորոշիչները տարբեր են լինում: Մեկի համար դա կոնկրետ մի մարդու կամ ամբոխի կողմից ճանաչումն է, այլ ոչ թե անտեսանելի լինելով հանդերձ՝ որոշումներ կայացնելու հնարավորությունը: Ինչ-որ մեկը նախընտրում է հաջողությունը չափել հաշվեհամարին ունեցած գումարի չափով, մինչդեռ մյուսի համար հաջողությունն ընտանիքի հետ այգի գնալն է, նույնիսկ եթե դա անելու համար նա պարտավոր է բաց թողնել կարևոր հանդիպում: ԸՆդհանրացնելով ասածս՝ պետք է նկատեմ, որ սերն ու վախը մեր կյանքի ամենահզոր շարժիչ ուժն են: Դրանք առավել ուժեղ են, քան փողը: Իմ կարծիքով՝ դրանք մեզ առաջնորդող երևույթների հիմքն են: Ինչ վերաբերում է գումարին, ապա դրանով, ի վերջո, չեն կարող չափվել շատ բաներ: Երբեմն մեզ թվում է՝ ամեն ինչ փողն է որոշում, սակայն դա պատրանք է»,-նշել է միլիարդատերը:
Ռուբեն Վարդանյանը խոստովանել է, որ առաջ շարժվելու հարցում իրեն մոտիվացնում են հետաքրքրասիրությունն ու անհնարինը հնարավոր դարձնելու մղումը: Առհասարակ, ըստ գործարարի, կարևոր է անընդհատ փոխել այն ամենը, ինչ կատարվում է մեր շրջապատում, ազդել մեր շուրջ կատարվող իրադարձությունների վրա:
«Պետք է լիարժեք ապրել ու ամեն օր փորձել գոնե մի քիչ աշխարհը դեպի լավը փոխել, քանի որ, մեծ հաշվով, մենք մեր երեխաներին թողնում ենք ոչ թե փողերն ու ակտիվները, այլ այս աշխարհը, որում նրանք ապրելու են: Հենց մեզնից է կախված՝ նրանք լա՞վ, թե՞ վատ աշխարհում են ապրելու»,-շարունակել է բարեգործը:
Խոսելով գործարարի համար կարևորագույն հատկանիշի մասին՝ Վարդանյանը նշել է, որ դա չվախենալու կարողությունն է:
«Գործարարը մարդ է, որը պատրաստ է դուրս գալ հարմարավետության գոտուց ու մուտք գործել դեռևս անհայտ մի աշխարհ: Իրականում նա նման է ժամանակին Եվրոպայից Ավստրալիա, Ամերիկա կամ Ռուսաստան մեկնած ներգաղթյալի կամ էլ նորանոր փորձերի պատրաստ գիտնականի: Բացի այդ, գործարարը չի վախենում ընկնելուց ու կարողանում է ոտքի կանգնել: Եվ վերջապես, գործարարը պետք է հետաքրքրասեր լինի: Նա պետք է հստակ տեսնի՝ ինչ է կատարվում իր շուրջ ու կարողանա տեսնել այն, ինչն անտեսանելի է մյուսների համար: Նա պետք է լավ քարոզիչ լինի, որպեսզի ոգևորի ու իր հետևից տանի մարդկանց և արդյունքում ստեղծի մի նոր բան»,- կարծիք է հայտնել գործարարը:
Միլիարդատերը վստահ է, որ մենք այժմ ապրում ենք մարդկության պատմության մեջ ամենահետաքրքիր ժամանակահատվածներից մեկում:
«Մեր աչքի առաջ ծնվում է նոր տեխնոլոգիական աշխարհ՝ մենք կապիտալիզմից անցում ենք կատարում մի համակարգի, որը ես պայմանականորեն կանվանեի տաղանդավորություն: Արդյունաբերական հասարակությունում կարևորագույն դերակատարում ուներ կապիտալի ու ռեսուրսների կենտրոնացումը: Այս առումով պետության, խոշոր կապիտալի դերն առանցքային էր հաջողության հասնելու համար: Բայց այս ամենը գնում է անցյալ: Հիմա մարդիկ կարող են նույնիսկ 500 դոլարով ինչ-որ ավտոտնակում ընկերություն հիմնել, որն աշխարհը կա՛մ դեպի լավը կփոխի, կա՛մ էլ կկործանի այն»,-նշել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ ապագայում բիզնեսում պայքարն ընթանալու է ոչ թե փողերի, այլ տաղանդավոր, խելացի և ստեղծագործ մտածողությամբ մարդկանց համար:
Գործարարը վստահ է, որ նորարարական տեխնոլոգիաները թույլ կտան շատ բան փոխել, այժմյան մասնագիտություններին փոխարինելու կգան նորերը, ինչը նշանակում է, որ մարդիկ պետք է սկսեն ավելի շատ սովորել:
«Վստահ եմ, որ 21-րդ դարում մարդկության համար առանցքային ոլորտ է լինելու ոչ թե նավթարդյունաբերությունը կամ որևէ այլ եկամտաբեր ոլորտ, այլ կրթությունը: Հենց կրթությունն է լինելու աշխարհում փոփոխությունների գլխավոր շարժիչ ուժը»,-կանխատեսել է գործարարը:
Ռուբեն Վարդանյանը նկատել է, որ այժմ մարդկանց վստահությունը միջազգային, պետական, մասնավոր ու կրոնական ինստիտուտների նկատմամբ հասել է նվազագույն մակարդակի, ինչից կարելի է հետևություն անել, որ վաղ թե ուշ առկա բացը լրացվելու է կա՛մ կեղծ մարգարեներով, ինչ-որ նոր աղանդներով, կա՛մ նոր գաղափարներով, կրոններով:
«Մարդիկ, վախենալով ապագայից, կվազեն անցյալ, կփորձեն մեկուսացնել իրենց տարածությունը կամ էլ կփնտրեն նոր կուռքեր: Մենք կապրենք մի հասարակությունում, որտեղ մարդը դեմ առ դեմ է մնալու այս խնդիների առաջ, և շատ վատ կլինի, եթե մարդն այդ պայքարում հիմնարար մարդկային արժեքների վրա հիմնվելու փոխարեն նախընտրի հիմնվել միայն տեխնոլոգիաների վրա: Մարդը պետք է կարողանա ոչ միայն գործել, այլև մտածել, կարեկցել և ապրումակցել»,-եզրափակաել է միլիարդատերը: