Թուրքիայի իշխանությունները ԵՄ անդամ չորս երկրներում՝ Գերմանիայում, Բելգիայում, Ավստրիայում և Ֆրանսիայում իսլամաֆոբիայի դեպքերի հետաքննության հանձնաժողով են ստեղծել: Այս մասին հաղորդում է Belga գործակալությունը։Նշվում է, որ հանձնաժողովը կսկսի իր աշխատանքը հունվարի 9-ին։ «Պատգամավորները կկենտրոնանան չորս եվրոպական երկրների վրա, որտեղ, նրանց կարծիքով, ավելի ընդգծված են իսլամաֆոբիայի դրսևորումները։ Պատգամավորներն այդ երկրներից հետաքննությունները տեղում անցկացնելու թույլտվություն են ուզում ստանալ»,– հաղորդում է գործակալությունը։ Հանձնաժողովի ստեղծումը պատասխանն է Ավստրիայի քաղաքացիների բազմաթիվ ռասիստական արտահայտությունների, այդ թվում այն հաղորդագրությանը, որ 2018 թվականին Վիեննայում ծնված առաջին երեխան թուրքական ծագմամբ աղջիկ է, իսկ 2017 թվականի ամռանը ավստրիական քաղաքական գործիչներն առաջարկել էին երկրում փակել մուսուլմանական մանկապարտեզները։