Համաձայնագրի նպատակն է ընդլայնել եւ խորացնել երկու երկրների միջեւ առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը. տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` հունիսի 11-ի ԱԺ նիստում քննարկման ներկայացնելով ««ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը եւ համագործակցության իրականացման միջոցները: Համագործակցության ուղղություններ են հանդիսանալու զենքի եւ ռազմամթերքի արտադրությանը, տեխնոլոգիաների փոխանցումը եւ տեխնիկական աջակցությունը: Ինչպես նաեւ ռազմամթերքի արտադրության, ռազմական հետազոտությունների եւ գնահատման ոլորտներում փորձի փոխանակումը, ռազմական նշանակության ապրանքների արտադրության համատեղ կազմակերպությունների հիմնումը, ռազմաարդյունաբերության ոլորտում մասնագիտական կրթության վերապատրաստման եւ որակավորման ծրագրերի իրականացումը: Արման Սարգսյանը նշել է, որ համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմին են հանդիսանալու երկու երկրների պաշտպանության նախարարությունները, ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով: Հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը: