26.12.2024
«Երկիր Ծիրանի»-ի կին անդամների նկատմամբ բռնության հարցով ՄԻՊ-ը դիմել է գլխավոր դատախազին
14.02.2018
«Երկիր Ծիրանի»-ի կին անդամների նկատմամբ բռնության հարցով ՄԻՊ-ը դիմել է գլխավոր դատախազին

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում: Այս մասին գրավոր տեղեկացվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաև միջադեպի ընթացքում Երևանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Նշենք, նախօրեին Երևանի ավագանու նիստի ժամանակ տհաճ միջադեպ է արձանագրվել: «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները բժշկական դիմակներով բացել են ապակյա տարաներ՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Նրանք պարզաբանել են, որ նման գարշահոտություն ամեն օր շնչում են Նուբարաշենի 4 շենքի բնակիչները, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս: Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին թույլ չեն տվել մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանին և բռնի ուժով փորձել հեռացնել դահլիճից: Կին ավագանու անդամի նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, ՀՀԿ-ական տղամարդ ավագանու անդամներից մեկը նրան քաշել է մազերից, մյուսը ձեռքը գցել կրծքին, ինչին ի պատասխան Մարիա Նախաչտրյանը նրան հարվածել է ու ստացել տղամարդու կողմից պատասխան հարվածներ: Ի վերջո, քաշքշուկից, բռնությունով լի հրմշտոցից հետո Մարինա Խաչատրյանին ու նրա գործընկերուհուն դուրս են բերել նիստերի դահլիճից: Այս ամենը հստակ երևում է տեսագրություններում: Ավելի ուշ կողմերը հանդես եկան հայտարարություններով՝ միմյանց մեղադրելով: