24.11.2024
Զորավարժություններ Արցախում. խաղարկվել են հակահարձակողական ու գրոհային իրավիճակներ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Նորահայտ «Սաշիկը». Կոտայքի մարզպետի եղբայրը հաշիվ չի փակում ու մարդ է ծեծում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Կոտայքի մարզպետի եղբայրը մի քաղաքացու է ծեծել՝ պատճառելով բավականին լուրջ վնասվածքներ: Քաղաքացին հայտնել է, որ նա երկար ժամանակ հետևել է իրեն, տարբեր սպառնալիքներ տեղացել իր հասցեին: Այս դեպքից հետո «Փաստ» թերթին մի քանի ուշագրավ տեղեկություններ հասան մարզային նորահայտ «Սաշիկի» (ինչպես նրան արդեն սկսել են որակել մարզում) պահվածքից: Ըստ թերթի տեղեկությունների, օրեր առաջ զավեշտալի միջադեպ է գրանցվել Աբովյանի ռեստորաններից մեկում: Իր շքախմբով հաց ուտելու է մտնում Կոտայքի մարզպետի նույն այս եղբայրը: Փոքր-ինչ գինովցած երիտասարդները պահանջում են հաշիվը: Այն ստանալուց հետո մարզպետի եղբայրը ցուցադրաբար պատռում է հաշիվն ու խրոխտ տոնով հայտարարում, որ ինքը մարզպետի եղբայրն է և «հաշիվ չունի փակելու»: Մեր աղբյուրները հայտնում են, որ որոշակի բացատրական աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, մարզպետի եղբայրը գումարը վճարում է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարման համակարգում «փշերի» վրա են ոչ միայն նրանք, ում օպտիմիզացիայի արդյունքում գործազրկություն է սպասվում, այլև նրանք, ովքեր 100 տոկոսով վստահ են, որ շարունակելու են աշխատել։ «Ընդհանուր առմամբ, բրոունյան շարժում հիշեցնող կառավարությունում ու նախարարություններում վերջին շրջանում միակ գործիքակազմը, որ անխափան աշխատում է, այսպես ասած, «ցիրկուլյար» համակարգն է. մեր էլեկտրոնային քարտերը ֆիքսում են` քանի րոպե ուշ եկանք, քանի րոպե շուտ գնացինք, որքան ուշացանք ընդմիջումից և այլն։ Վերածվել ենք ուրույն գետտոների, պետք է ամեն վայրկյանի համար պատասխան տանք, որովհետև ամսվա վերջում այդ ուշացման րոպեները գումարվում են իրար ու աշխատավարձից պահումներ են արվում: Մարդ իրեն էնքան փոքրացած է զգում, չգիտես` գնա՞ս, թե՞ մնաս համակարգում», - «Հրապարակ»-ին ասել է բավականին բարձրաստիճան պաշտոնյան»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախում տեղեկություններ են պտտվում՝ կապված Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերի վերջին շրջանի հարաբերությունների և «հայաստանցի»-«ղարաբաղցի» պիտակավորումների հետ։ Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին, որպեսզի ընդհանուր տեղեկատվական դաշտում մոնիթորինգ անցկացնեն՝ հասկանալու համար, թե այդ պիտակավորումների, որակումների ու պառակտումների «քամին որտեղից է փչում», և, որ ամենակարևորն է, ովքեր են «կողքից» այս թեման շահարկում: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր է դա մանևրելու տարբերակ է, որպեսզի ցույց տան, որ ՀՀ իշխանությունները հակված չեն այդ թեման սրել: Փաշինյանի հանձնարարականով ցանցերում այս թեմայով խորքային մշտադիտարկումներն արդեն սկսվել են՝ իրավիճակը առավել հստակ պատկերացնելու համար»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանություններից «ժառանգություն» մնացած պաշտոնյաների կողմից իրականացվող սաբոտաժների, ինֆորմացիոն արտահոսքերի մասին շատ-շատ է խոսվել: Սա միանգամայն սպասելի էր, եթե հաշվի առնենք փաստը, որ որոշ դեպքերում, հատկապես` իրավապահ համակարգի միջին օղակներում, նոր իշխանությունները չգնացին կադրային կտրուկ փոփոխությունների ճանապարհով և այսօր քաղում են կատարվածի դառը պտուղները: Դրա վառ օրինակ է փաստը, որ տարբեր քրեական գործերով անցնող մի շարք նախկին պաշտոնյաներ մինչ մեղադրյալի կարգավիճակում հայտնվելը հասցրել են «ծլկել» Հայաստանից: Այս համատեքստում պատահական չեն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունները, որ երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին իր մտերիմ շրջապատում հարցրել են՝ ինչու՞ քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց ժամանակին չեն բռնում, որ հիմա էլ հետախուզում են ու չեն կարող հայտնաբերել կամ չեն չ կարողանում հետ վերադարձնել Հայաստան, նա խոստովանել է, որ համակարգում դեռ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձինք կան, որոնք էլ իրենց նման խնդրի առաջ են կանգնեցրել: Ասել է թե` Սասուն Խաչատրյանը փորձել է բացատրել, որ համակարգից ինֆորմացիայի արտահոսք է իրականացվում: Երբ արդեն կոնկրետ փաստեր ունենալով` որևէ նախկին պաշտոնյայի փորձում են բերման ենթարկել, քրեական գործով անցնող անձինք անհետացած են լինում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Հատուկ քննչական ծառայությունից, որտեղից, մեր հարցին ի պատասխան, հայտնեցին. «Սասուն Խաչատրյանն իր մտերիմ շրջապատում քրեական գործերից չի խոսում»»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանության պաշտոնատար անձանց չարաշահումների բացահայտման դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետ Տիգրան Ամիրբեկյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա, օգտագործելով իր լիազորությունները, 2015-2016թթ. ընթացքում նույն բաժնի հաշվապահ Ժաննա Ադամյանի հետ հանցավոր համաձայնության գալով, բաժնի արտաբյուջետային միջոցներից գումարներ է փոխանցել ինչպես իր, այնպես էլ նախկինում նույն բաժնի աշխատակիցներ Ժաննա Ադամյանի հարազատների հաշվեհամարներին: Ըստ քրեական գործի նյութերի` Ամիրբեկյանը կանխիկացնելով այդ գումարը, որ կազմել է մոտ 5.7 մլն դրամ` յուրացրել է այն: Ի դեպ, Ժաննա Ադամյանը ևս հայտնվել է մեղադրյալի աթոռին նույն արարքի համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին մենք հարցազրույց էինք արել պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հետ, ով դասախոսական անձնակազմի ընտրության նոր «կանոնակարգ» է ընդունել, որի արդյունքում դասախոսներից շատերը կարող են դուրս մնալ համալսարանից, մասնավորապես՝ անգլերեն չիմանալու պատճառով։ Նա հարցազրույցում ասել էր, որ կանոնակարգը քննարկվել է բուհում, բոլոր առաջարկները հաշվի են առնվել, առարկություններ չեն եղել։ Մենք տեղեկացանք, որ բուհում զարմացել են ռեկտորի այս հայտարարությունից, իսկ երեկ բուհի ամենամեծ ամբիոններից մեկը՝ տնտեսագիտության տեսության ամբիոնը, նիստ է արել, ամբիոնի վարիչ Ֆիրուզա Մայիլյանը ներկայացրել է նշված կանոնակարգը, ապա ամբիոնի անդամները միաձայն դեմ են քվեարկել կանոնակարգին և որոշել են կասեցնել փաստաթղթի գործարկումը»։


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ 100-ամյակը տոնող, համալսարանի խորհրդի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանին հարցրինք` ի՞նչ կարծիքի է Արամ Սիմոնյանի` սեփական աթոռը «ճանկռտելու» փաշինյանական բնորոշումների առնչությամբ։ «Դեռ ուսանող տարիներից խնդիրներ ունեինք` համալսարանն ավելի լավը դարձնելու»: Չէ` Դուք կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկեք, եթե խորհրդի նիստ հրավիրվի, եւ դրվի Սիմոնյանի անվստահության հարցը։ «Նախորդ անգամ, երբ դրվել է անվստահության հարցը, ես պնդեցի, որ ներկայացվեն հիմնավորումները»: Կարո՞ղ ենք ասել, որ Ձեզ համար դժվար է լինելու նրան դեմ քվեարկելը։ «Դուք հարցը տանում եք անհատական դաշտ, նկատեք` առաջին նիստից հետո համալսարանում տեղի են ունեցել որոշակի շարժեր՝ կառուցվածքային եւ այլ փոփոխություններ։ Ես հետեւում եմ համալսարանի կայքին եւ դա նկատում։ Ես չգիտեմ` որքանով են դրանք խորքային, ամեն դեպքում՝ ընդունվել է որոշում, որ պետք է ինչ-որ բան փոխել»: Հասկացանք. կոնկրետ կասե՞ք` եթե կրկին դրվի Արամ Սիմոնյանի անվստահության հարցը, ինչպե՞ս կվարվեք Դուք։ «Ինձ համար դա Արամ Սիմոնյանի, Պողոս Պողոսյանի հարցը չէ, ինձ համար համալսարանում արմատական փոփոխություններ իրականացնելու հարցն է կարեւոր»: Իսկ ե՞րբ կլինի խորհրդի նիստը, խոսվում էր մայիսի 15-ի մասին, չեղավ, որովհետեւ չե՞ն կարողանում Արամ Սիմոնյանի աթոռին այլ «ճանկռտող» նշանակել, դա՞ է պատճառը։ «Երբ տեղի կունենա հաջորդ նիստը, կդժվարանամ ասել՝ նամակ դեռ չենք ստացել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը, չբավարարվելով ի պաշտպանություն իրեն ստիպողական հանրահավաք կազմակերպելով, հիմա էլ ծնողներին ստիպում է ստորագրել մի դիմումի տակ, որով նրանք, իբրև թե, իրենց աջակցությունն են հայտնում Իվանյանին և դեմ են նրան աշխատանքից ազատելուն: Իվանյանն ավարտական դասարանի աշակերտների ծնողներին խոստանում է, որ իրեն աջակցելու դիմաց ինքն էլ կօգնի, որ երեխաներն ավարտական քննությունների ժամանակ բարձր գնահատականներ ստանան»: