21.01.2025
Փաշինյանը ֆրանսիացի պատգամավորներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
27.03.2024
Փաշինյանը ֆրանսիացի պատգամավորներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի հետ կապված օրակարգերին նվիրվածության համար: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև ձևավորված ամուր կապերը և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ համագործակցության փաստը: Անն-Լորանս Պետելը նշել է, որ բարեկամական խմբի կազմում են ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք ունեն Հայաստանին աջակցության քաղաքական անվերապահ կոնսենսուս: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, մեր երկրում ֆրանսիական ընկերությունների գործունեությանը, ներդրումային ծրագրերում ներգրավմանը, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի: Քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին և ընդգծել, որ պայմանագրի սկզբունքները հիմնարար կերպով համաձայնեցվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շրջանակում ընդունված հայտարարությամբ: Քննարկվել են նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: Մտքեր են փոխանակվել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության, Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին ու ծրագրերին: Բռնի տեղահանվածների կարիքների լուծման առումով վարչապետ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության հետևողական աջակցությունը: