Պակիստանում ծննդատանը բռնկված հրդեհի հետևանքով 15 նորածին է զոհվել
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի ծննդատան բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 15 նորածին է զոհվել։ Այս մասին հայտնել է Geo հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքի պահին նորածինների բաժանմունքում 16 երեխա է եղել, որոնցից միայն մեկին է հաջողվել փրկել։ Հրդեհը, նախնական տվյալներով, բռնկվել է տեղական ժամանակով մոտ 06:45-ին՝ բաժանմունքի երրորդ հարկում գտնվող սենյակում օդորակիչի կոմպրեսորի պայթյունի հետևանքով։ Հրդեհը մարվել է, իսկ դեպքի վայրում շարունակվում են շինությունների հովացման աշխատանքները։
Դեպքը հետաքննելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով՝ շրջանի փոխկոմիսարի գլխավորությամբ։ Հանձնաժողովը պետք է պարզի հրդեհի ստույգ պատճառը և տեղի ունեցածի հանգամանքները։
Նշենք, որ տարբեր աղբյուրների տվյալները զոհերի թվի վերաբերյալ սկզբնական շրջանում տարբերվում են․ Reuters-ը և Geo-ն հաղորդում են առնվազն 15 զոհի մասին, մինչդեռ Պակիստանի պաշտոնական աղբյուրները 14 զոհի մասին են հայտնել։