18.01.2025
ՊՆ-ում մշակում են զինվորներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգը և սկզբունքները
01.08.2018
ՊՆ-ում մշակում են զինվորներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգը և սկզբունքները

Հուլիսի 31-ին, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը հանդիպում է անցկացրել: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ թեժ գծով և այլ աղբյուրներով ստացված բողոքները, ինչպես նաև ուսումնասիրվել են նախնական հետազոտության արդյունքները: Մշակվել են գործընթացի կանոնակարգման հիմնական սկզբունքները, որոնք կքննարկվեն բանակային զորամիավորումներում: Նախագծի մշակման նպատակով կուսումնասիրվի նաև հանրային դիրքորոշումը։ Հասարակական կազմակերպություններից, փորձագետներից, զինվորների ծնողներից և այլ շահագրգիռ անձանցից կարծիքներ ստանալու նպատակով կարվի լրացուցիչ հայտարարություն, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության, Զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի մի շարք վարչությունների աշխատակիցների ներգրավմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաև հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով: Մշակված կարգը մինչև սեպտեմբերի 30-ը ներկայացվելու է ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը: