VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են: Ըստ մեր աղբյուրների` նրանց հանդիպումները վերջին շրջանում հաճախադեպ են դարձել, նույնիսկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ են հանդիպել: Փաշինյան-Ծառուկյան հանդիպման ժամանակ քննարկվել են ամենատարբեր հարցեր` առանցքայինը, սակայն, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցն է եղել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մանրամասներ ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: Նա չհերքեց հանդիպման մասին լուրը, բայց մանրամասներ չփոխանցեց` ասելով. «Տեղեկատվությանը չեմ տիրապետում»: Հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում ասել, թե ինչպես կքվեարկի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման վերաբերյալ հարցի քննարկմանը: Մեր տեղեկություններով` քվերակությունը խմբակցությունում ազատ է լինելու: Եվ, ըստ մեր աղբյուրների, սա է հիմնական պատճառը, որ Փաշինյանը նախաձեռնել է հանդիպումը Ծառուկյանի հետ: Կողմ քվեարկելու մասին, հիշեցնենք, հստակ «Լուսավոր Հայաստանն» է միայն ասել, իսկ եթե 88 հոգանոց «Իմ քայլ»-ում էլ դեմ քվեարկողներ լինեն, ապա հնարավոր է` հարցի քվեարկությունը տապալվի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո կտրուկ վատացել են «Գազպրոմ Արմենիայի» երկու նախկին գլխավոր տնօրենների՝ Կարեն Կարապետյանի եւ Վարդան Հարությունյանի գործերը: Մեր տեղեկություններով՝ նրանք անցնում են մի քանի քրեական գործերով, որոնց հանրային հնչեղություն կտրվի առաջիկայում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում։ Հրահանգված է ուսումնասիրել ԱԱԾ ֆինանսատնտեսական գործունեությունը եւ հայտնաբերել այնպիսի խախտումներ եւ չարաշահումներ, որոնք հիմք կհանդիսանան ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբակյանը մեզ ասաց․ «Բոլոր տեղեկությունները, որոնք հրապարակման ենթակա են, մենք հրապարակում ենք, որոնք հրապարակման ենթակա չեն, չենք հրապարակում։ Այս պահին նման տեղեկատվություն ինձ չի տրամադրվել հրապարակման համար»։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե բոլոր իշխանությունների «հաճախորդ» Էդմոն Մարուքյանը «Սերժի վախտ» արել է ամեն ինչ, որ Լեհաստան-Հայաստան բարեկամական խումբն ինքը ղեկավարի, խնդրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, սակայն ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կանխել է «դասականի» ցանկությունը, Բաբլոյանին գլխի գցելով, որ նպատակահարմար չէ արտաքին հստակ ուղղվածություն ունեցող, Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու ջատագով Էդմոն Մարուքյանին նշանակել արմատական հակառուսական քաղաքականություն իրականացնող երկրի հետ բարեկամական խմբի ղեկավար. այն կարող է անսպասելի զարգացումների հիմք դառնալ` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: «Հաճախորդին» տվել են Մալթայի (նույնպես ԵՄ անդամ երկիր է) բարեկամական խումբը: Օրերս Հ1-ի հյուր Մարուքյանը հիշել էր իր այս «դարդը», բուռն բողոքել նախկիններից. երեւի կարծելով, որ եթե լիներ Լեհաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար, ինքը կլիներ «հեղափոխության» առաջնորդը, ոչ թե Նիկոլը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քվեարկության պատճառով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակները ստիպված են լինելու գործուղումն ընդհատել ու վերադառնալ, որ քվեարկության օրն ԱԺ-ում լինեն։ Կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին մեկնած պատվիրակները պետք է վերադառնային շաբաթ օրը, քանի որ, որպես կանոն, մեր պատվիրակությունը միշտ այդ գրաֆիկով է մեկնում։ ԱԺ կայքում էլ է նշված՝ «սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ Ստրասբուրգ կգործուղվեն»։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը հաստատեց լուրը․ «Պատվիրակության անդամները Հայաստան են վերադառնալու հոկտեմբերի 3-ին»։ Բոլո՞րը, թե՞ մի մասը։ «Բոլորը»։ Էդմոն Մարուքյանից եւ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե երբ են վերադառնալու, ասացին՝ հոկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը։ Մարուքյանին հարցրինք՝ իսկ հնարավո՞ր է շուտ վերադառնաք։ «Իսկ ինչո՞ւ պիտի շուտ վերադառնանք, միշտ այդպես է եղել, այս անգամ էլ սովորականի պես մնալու ենք մինչեւ նիստերի ավարտը»։
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Այնտեղ մարտի 1-ի գործով մեղադրյալը անցնելու է ընթացիկ բուժզննում: Ժամանակն է, որ Հայաստանի քննչական ծառայությունը լրջորեն զբաղվի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք առողջապահության համակարգը ղեկավարած պաշտոնյաներով, որոնք մեր երկրի ղեկավարության առողջությամբ ընդհանրապես չեն զբաղվել: Նմուշի համար գոնե մի առողջ նախկին պաշտոնյա չենք ժառանգել, ուղղակի այդ հիվանդությունների ախտանիշները սկսեցին երևալ հեղափոխությունից հետո, իսկ երբ նրանց դեմ քրեական գործեր հարուցվեցին, բոլորի առողջական վիճակը միանգամից ծայրահեղ վատացավ: Մի քանի հոգի էլ բուժման նպատակով հեռացան Հայաստանից, ու նրանց վիճակը այնքան վատ է, որ մինչև հիմա չեն կարողանում վերադառնալ: Խեղճ Ռոբերտ Քոչարյանը այդքան սահնակ ու առագաստանավ քշեց, աֆրիկաներում առյուծների ու բիզոնների հետևից վազեց, կալանախցում պարապեց յոգայով ու ոչ մի բան չօգնեց. նրա վիճակն էլ է օր օրի վատանումե: ՉԻ». Ժամանակն է, որ Հայաստանի քննչական ծառայությունը լրջորեն զբաղվի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք առողջապահության համակարգը ղեկավարած պաշտոնյաներով, որոնք մեր երկրի ղեկավարության առողջությամբ ընդհանրապես չեն զբաղվել: Նմուշի համար գոնե մի առողջ նախկին պաշտոնյա չենք ժառանգել, ուղղակի այդ հիվանդությունների ախտանիշները սկսեցին երևալ հեղափոխությունից հետո, իսկ երբ նրանց դեմ քրեական գործեր հարուցվեցին, բոլորի առողջական վիճակը միանգամից ծայրահեղ վատացավ: Մի քանի հոգի էլ բուժման նպատակով հեռացան Հայաստանից, ու նրանց վիճակը այնքան վատ է, որ մինչև հիմա չեն կարողանում վերադառնալ: Խեղճ Ռոբերտ Քոչարյանը այդքան սահնակ ու առագաստանավ քշեց, աֆրիկաներում առյուծների ու բիզոնների հետևից վազեց, կալանախցում պարապեց յոգայով ու ոչ մի բան չօգնեց. նրա վիճակն էլ է օր օրի վատանում»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քոչարյանի ընտանիքի ներկայացուցիչները որոշել են ֆինանսավորել միայն Քոչարյանի էլիտար կողմնակիցներին՝ հրաժարվելով շարքայիններից: Պատճառն այն է, որ ի աջակցություն Քոչարյանի կազմակերպվող ցույցերին շարքային ցուցարարներ վարձելուց հետո, վերջիններս ամեն տեղ հայտարարում են, որ իրենք գումարի դիմաց են մասնակցել դրանց: Մինչդեռ ինտելեկտուալ կողմնակիցները զբաղվում են քարոզչությամբ և ցույց են տալիս, որ դա անում են ոչ թե գումարի դիմաց, այլ գաղափարական հիմունքներով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն նշանակվեց այն բանի համար, որ նա բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբորորդին է: Իսկ 2016-ին Գրիգորյանն է հաստատել հանքի շահագործման եզրակացությունը: Պաշտոնապես ասվել էր, որ քննությունը 10 օր կտևի և կպարզի՝ Իվանյանը կաշկանդված եղե՞լ է քննության ընթացքում։ Երեկ պարզեցինք, որ ծառայողական քննության ժամկետը երկարացվել է։ «Լրացուցիչ ստուգումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,- ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության պատասխանատուն»:
«168 ժամ» թերթը գրում է. ««Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա։ Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ ԱԺ-ն տուն պետք է գնա։ Կգա ժամանակը, եւ կտեսնեք՝ այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին։ Նրանք չեն հեռանալու, պետք է հեռացնել։ Պետք է ժողովուրդը սթափվի, պետք է պարտադրի, պահանջի, որ բոլոր պատգամավորներն իրենց մանդատները, առանց բացառության, լինի «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստանը» թե «Բարգավաճ Հայաստանը», վայր դնեն, այլապես վտանգված է համայն հայության գոյության հարցը»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ հարցին: Խոսելով Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռերի» հանդիպման մասին, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հակադրության մեջ չեն մտնում վարչապետի երկու հայտարարությունները, երբ մի առիթով խոսում է «սպայի պատվից», իսկ մյուս կողմից՝ Կառավարությունում ընդունում է երեք սպաների սպանության մեղավոր զինված խմբի առաջնորդներին, Բալասանյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանը մեծ հակահայ պրոյեկտ է։ Նրանք, ովքեր չեն հասկացել, թող հասկանան։ Ես միշտ տողատակերով եմ ասել, չակերտներում, հիմա բաց եմ ասում։ Դեռեւս 2016 թ. հուլիսի 23-ին լրատվամիջոցներին ասել եմ, որ ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռերի» կողմից ահաբեկչություն է։ Բոլոր ձայնագրությունները կան։ Երբ ինձ հարցրել են՝ եթե զենքերը վայր դնեն, ազա՞տ են արձակվելու, ես ասել եմ՝ ոչ, այդ 31 հոգին զենքերը վայր են դնելու, եւ բոլորը ձերբակալվելու են։ Բայց ես խոստացել եմ չթողնել, որ որեւէ մեկը կտտանքների ենթարկվի, կամ նրանց հանդեպ բռնություն կիրառվի, ինչը եւ արել եմ։ Մինչեւ վերջ տեր եմ կանգնել իմ խոսքին։ Եվ կառավարության ղեկավարը հանդիպի ահաբեկչական խմբավորման պարագլուխների հե՞տ…»:
Հարցին, թե ի՞նչ-որ պայմանավորվածությունների մասին եք ակնարկում, նա պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանը, երբ իր իսկ ասած հեղափոխական քայլերթի ժամանակ գրավել է Ռադիոտունը, որակավորումը հետեւյալն է՝ ահաբեկչություն։ Պետական պահպանման հատուկ տարածք է ներխուժել. գործողությունները նույնն են, ինչ ՊՊԾ գնդում։ Կիրառվել է զենք, եղել են պատանդներ, ահաբեկվել է տարածքում ապրող բնակչությունը, Ռադիոտան դեպքում՝ աշխատակիցները, գույքի փչացում է եղել, նույնը եւ՝ Ռադիոտանը, զենք է կիրառվել, բայց առանց կրակոցների ու մահվան ելքի։ Հոդվածը նույնն է։ Բարձրաձայն ասում եմ, որ «Սասնա ծռերի» պարագլուխ կոչեցյալ Գարեգին Չուգասզյանը, երբ հացադուլ էր հայտարարել, եւ վարչապետը հանդիպեց նրա հետ՝ իբր թե հացադուլից հանելու համար, վստահաբար այդ ժամանակ պայման է դրել Փաշինյանի առջեւ, որ «Սասնա ծռերը» րոպե առաջ պետք է ազատ արձակվեն։ Եվ այսօր քննարկվում է նույնիսկ երկու մարդասպաններին ազատելու հարցը»:
Նաեւ հավելել է. «Ավելին ասեմ, թող չարախոսները բամբասեն. մենք տեսանք, որ ՀՀ-ում այն ահաբեկչական խմբավորումը՝ «Սասնա ծռերը», վայելում է վարչապետի հովանավորությունը։ Ժամանակին մեր մեջ կային այդ կասկածները, հիմա արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ 2016թ. հայտնվեց ՊՊԾ գնդում, հետո մասնակցում էր այդ միտինգներին՝ ի պաշտպանություն այդ զինված ապստամբների խմբի, նա համագործակցել է այդ զինված խմբի հետ։ Եվ վերջերս ահաբեկչական խմբի պարագլուխների հետ Փաշինյանի հանդիպումը վերջնականապես հաստատեց ու փարատեց այդ կասկածները։ Մենք տեսանք, որ «Սասնա ծռերը» ժամանակ առ ժամանակ հայտարարություններ էին անում, որ Արցախը մարզ է, նույնն անում էին տարբեր խմբեր»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադրումը մեծ իրարանցում է առաջացրել Արցախում, քանի որ, մեր աղբյուրների պնդմամբ, Բաբայանն իր այս քայլով հասկացնում է, որ ինքը վճռական է տրամադրված 2020 թվականին ԼՂՀ-ում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հարցում: Մեր տեղեկություններով` Արցախի խորհրդարանն այս օրերին չի շտապում իր օրակարգում ներառել Ս. Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթի քննարկումը, եւ իշխանություններն անում են հնարավորը՝ երկարաձգելու այդ քննարկման ժամկետը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը պարզաբանել է. «Եթե մենք նախընտրական վիճակը հաշվի առնենք որպես մրցակցային, դա կարելի է լարվածություն անվանել»: Արցախում, ըստ նրա, քաղաքական քարտեզն է վերաձեւավորվել»:
«Փաստ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ առաջիկայում ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա։ Երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել էր, թե գազի գնի՝ 30 տոկոսով բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միեւնույն ժամանակ, հարցին՝ հաջորդ տարվա համար կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն արձագանքել է. «Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ»։ Մհեր Գրիգորյանն ասել է նաեւ, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մինչեւ տարեվերջ։ Սա, ըստ էության, հետաքրքիր մեկնաբանություն է, հատկապես այն առումով, որ հերքվում է կոնկրետ 30 տոկոսով թանկանալու տեղեկությունը: Բանն այն է, որ, «Փաստ» թերթի տեղեկություններով, 2020 թվականի հունվարի 1-ից գազը թանկանալու է, այդ թվում՝ արդեն նաեւ ազգաբնակչության համար: Միայն թե մնում է պարզել, թե որքան է թանկանալու: Մեր աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը նախատեսում է գազի գինը բարձրացնել 38-40 տոկոսով, ինչը շատ լուրջ թանկացում է եւ չի կարող վնաս չհասցնել թե՛ սոցիալական առումով, թե՛ ՀՀ ողջ տնտեսության վրա ազդեցության։ Թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները նշված բանակցություններում փորձում են հասնել այնպիսի փոխզիջման, որ թանկացումը լինի ոչ ավելի, քան 20-25 տոկոս: Իսկ սա արդեն, չնայած փաստացի թանկացմանը, հնարավոր կլինի մատուցել որպես մեծ ձեռքբերում եւ ընդգրկել հաջորդ «100 փաստի» մեջ: Մի խոսքով, կարծես այլեւս որեւէ կողմ չի հերքում, որ գազը թանկանալու է: Հարցն այն է, թե որքան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հայաստանի 19 համայնքներում ՏԻՄ ընտրությունները հետաքրքիր արդյունքներով ավարտվեցին։ Առաջադրված գործող համայնքապետերը հիմնականում վերընտրվել են։ Նրանց գերակշիռ մասն անկուսակցականներ են, անգամ երկարամյա ՀՀԿ-ականները հրաժարվել են կուսակցական պատկանելությունից։ Վերընտրվել են Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի ղեկավար Հրայր Գալստյանը, Տանձուտի գործող համայնքապետ Մխիթար Պետրոսյանը, Արագածոտնի Ղազարավան համայնքի ղեկավար Հայկ Ասատրյանը։ Վերընտրվել է նաեւ 21 տարի Արարատի մարզի Մրգանուշ համայնքը ղեկավարած դաշնակցական Մանվել Սարգսյանը։ Հակառակ պատկերն է Արմավիրի Փարաքար համայնքում․ երկարամյա գործող համայնքապետ Սամվել Վարդանյանը պարտվել է դատվածություն ունեցող թեկնածու Դավիթ Մինասյանին։ Ուշագրավ է, որ Փարաքարում Սասուն Միքայելյանի թեկնածուն եւս չկարողացավ հաղթել»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը մինչև հոկտեմբերի 11-ը քննարկման է դրել գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի համար պետական աջակցության ծրագիրը, որից նախարարությունը երեք սպասելիք ունի՝ ա. 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, բ. նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար և տարիների ընթացքում կավելացվեն նոր ծառայություններ, գ. կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները։ Գյուղոլորտում ապահովագրական համակարգ ունենալը խիստ անհրաժեշտ է: Բանն այն է, որ աշխարհում հայտնի 350 բնական աղետներից Հայաստանի Հանրապետության տարածքին առանձնահատուկ են 110-ը։ Դե քանի որ մեր գյուղատնտեսական արտադրությունն էլ, այսպես ասենք, հիմնականում բաց երկնքի տակ է վարվում, ուղղակիորեն կախված է բնակլիմայական, մարդածին և տնտեսական գործոններից…»: