17.06.2025
Դրանք պարզապես խոսակցություններ են. Փաշինյանը՝ Ալիեւի հետ հանդիպումների մասին
06.02.2019
Դրանք պարզապես խոսակցություններ են. Փաշինյանը՝ Ալիեւի հետ հանդիպումների մասին

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն աշխատում են երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ: Այս մասին Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի հարցին, թե ինչ են տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումները, Փաշինյանը պատասխանել է. «Սա միայն նախնական գործընթաց է, խոսակցություններ: Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեր պաշտոնական բանակցությունները դեռեւս չեն սկսվել, մենք պարզապես հանդիպում ենք, զրուցում, կարծիքներ փոխանակում գործընթացների, բանակցային գործընթացի պատմության մասին: Մենք չենք ակնկալել, որ մեր այդ շփումների արդյունքում լինելու են որոշակի տեղաշարժեր»: Հայտնելով, որ այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն աշխատում են Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ՝ վարչապետն ընդգծել է. «Նրանք աշխատում են այդ հնարավոր հանդիպումը կողմերի համար ավելի հասկանալի դարձնելու համար. ինչ եւ ինչպես ենք քննարկելու: Անհնար է հակամարտությունը կարգավորել՝ չլուծելով որոշակի հստակ հարցեր: Օրինակ, ես մեկ անգամ չէ՝ հայտարարել եմ, որ կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից, սակայն հակամարտությունն առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Այդ պարագայում ո՞վ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը, այն հակամարտության հիմնական կողմերից մեկն է»: Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում կան իշխանություններ, այդտեղ անցկացվում են ընտրություններ, ընդ որում, ԼՂ-ում բնակվող մարդիկ չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին: «Նրանք ինձ իրենց որեւէ տեղ ներկայացնելու մանդատ չեն տվել: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն իրենց ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է բանակցային գործընթացում ներկայացնեն իրենց»,- ասել է վարչապետը: Փաշինյանը բացարձակապես անընդունելի է համարել զուգահեռներ տանելը ԼՂ հիմնախնդրի եւ այլ, օրինակ Դոնբասի կամ Աբխազիայի խնդիրների միջեւ: «Մեզ համար բացարձակ անընդունելի է, որ նման իրադրությունների միջեւ կարող են զուգահեռներ տարվել, քանի որ դրանք բացարձակ այլ ծագում ունեն, տարբեր իրավիճակներ են»,- ասել է ՀՀ վարչապետը: