24.11.2024
Համաշխարհային բանկը կշարունակի Հայաստանին ֆինանսական օժանդակությունը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ո՞վ է ղեկավարելու Արթուր Վանեցյանի հիմնադրամը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ստեղծել է մի հիմնադրամ, որի միջոցով, հավանաբար, պատրաստվում է ֆինանսավորել իր ապագա հասարակական-քաղաքական գործունեությունը: Մեր տեղեկություններով՝ Վանեցյանի ստեղծած հիմնադրամը ղեկավարելու է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, հոկտեմբերին կալանավորված և վերջերս ազատ արձակված Արսեն Բաբայանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «International republican institute-ը (IRI) երեկ ԱԺ-ում տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ ներկայացրել է իր կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքական գործիչների ունեցած անհատական վարկանիշին: Ըստ հարցման արդյունքների՝ ամենաբարձր վարկանիշն ունի նախագահ Արմեն Սարգսյանը՝ 85 տոկոս, այնուհետև, ըստ նվազման հերթականության, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 79 տոկոս, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ 71, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ 62, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ 57, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ 55, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ 54, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ 53, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 48, Ռոբերտ Քոչարյանը՝ 10 և Սերժ Սարգսյանը՝ 6 տոկոս»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեկ տարի առաջ Պրահայում հայտնաբերված Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, Չեխիայի իրավապահները որոշել են հանձնել Հայաստանին։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելու շուրջ ընթանում են բանակցություններ, որից հետո կտեղեկացնեն արդյունքների մասին. «Եթե կան տեխնիկական հարցեր, ապա կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել։ Երբ կլուծվեն տեխնիկական հարցերը, նրան կտեղափոխեն»։ Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով, կամ դրանք ապօրինի իրացնելու հանցակազմի հատկանիշներով։ Նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում։ Մեկ տարի առաջ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել էր Պրահայում, նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով»։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Ըստ այդմ, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ, ինչի համար հարկատուները կվճարեն ավելի քան 600 միլիոն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց ՍԴ դատավորներից պարզել` նրանք կգնան վաղ կենսաթոշակի, թե չեն օգտվի արտոնյալ հնարավորությունից: Մեզ հաջողվեց զրուցել միայն նրանցից երկուսի` Արմեն Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հետ, սակայն, ինչպես հայտնի է, օրենքով տրված հնարավորությունները չեն վերաբերում Արմեն Դիլանյանին և Վահե Գրիգորյանին: «Ես կդժվարանամ ինչ-որ բան ասել, և դա կոռեկտ էլ չէ: Ես չեմ կարող ասել` իմ բախտը բերեց, թե ոչ, բայց այդ օրենքը ինձ վրա չի տարածվում», – ասաց Արմեն Դիլանյանը: Իսկ, ահա, Ֆելիքս Թոխյանը հավելեց. «Ես արձակուրդում եմ, ինձ մի՛ անհանգստացրեք, և 1000 անգամ ասել եմ, որ մենք իրավունք չունենք մեկնաբանել: Օրենքով մեզ արգելված է մեկնաբանել»:


«Փաստ» թերթը գրում է. «Այն փաստը, որ դեռ նախորդ իշխանությունների օրոք սկսված համայնքային խոշորացման գործընթացը դժգոհություններով է ընդունվել մարզային բնակչության կողմից, արդեն գրեթե ապացուցման կարիք չունի, քանի որ, ինչպես նշում են բնակիչները, այդ կերպ շատ գյուղեր բառացիորեն մահանում են, պետության կողմից պատշաճ հատկացումներ ու համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերվում։ Ասվածի վառ օրինակ են ներկայումս խոշորացված մի շարք համայնքներում տիրող անհավասարաչափ պատկերն ու բնակչության շրջանում առկա դժգոհությունը։ Սակայն, ինչպես ցույց են տալիս ներկայիս գործընթացները, օրվա իշխանությունները շարունակում են նախկին իշխանությունների՝ խոշորացման ծրագրերը կյանքի կոչել։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները լայն թափով լծված են համայնքային խոշորացման գործընթացի նոր փուլի նախապատրաստմանը, չնայած ժամանակին՝ դեռևս ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից բավականին լուրջ քննադատում էր այդ նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այդ քայլով «գյուղերը տանում ենք ամայացման ու մահացման»։  Ոլորտի մասնագետները փաստում են, որ սա նաև իշխանությունների (թե՛ նախորդ, թե՛ ներկայիս) համար համայնքային մոբիլիզացիայի յուրահատուկ տարբերակ է, որպեսզի կարողանան հեշտ կառավարել մարզային սեգմենտը։ Թերթին տեղեկություններ են հասել, որ այս գործընթացին նոր թափ հաղորդելը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս փոքր համայնքներում գործող իշխանություններն անմիջական ազդեցություն քիչ ունեն. հիմնական կադրերը նախկին համակարգի ներկայացուցիչներ են։ Ավելին, իշխանության ներկայացուցիչներից մեկն իր հարցազրույցներից մեկում փաստել է, որ հարցի լուծման համար համայնքների միավորումն այլընտրանք չունի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը երեկ ամբողջությամբ ընդունվեց։ Չնայած այն իշխանության համար կյանքի-մահվան հարց էր, սակայն նախագիծը ստացավ 82 կողմ ձայն, որից մեկը անկախ հռչակված Արման Բաբաջանյանն էր։ «Իմ քայլի» 88 հոգանոց ֆրակցիայից 7-ը չմասնակցեցին քվեարկությանը, ոչ էլ, ինչպես Գևորգ Պետրոսյանը բնորոշեց, «կտակ» էին թողել գործուղումների մեկնելուց առաջ (նամակ, թե ինչպես են քվեարկում), ինչն «Իմ քայլ»-ում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Բացականերն էին Մարիա Կարապետյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արտակ Մանուկյանը, պետաիրավականի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, Մխիթար Հայրապետյանը, Կարեն Սարուխանյանը, Արեն Մկրտչյանը։ Իսկ առաջին ընթերցմանը Թագուհի Թովմասյանն էր գրանցվել, բայց չէր քվեարկել։ Նա ասաց․ «Կառավարման ակադեմիայում այդ ժամին դասի էի, որից չէի կարող բացակայել»: Ի դեպ, վերջերս Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստի ժամանակ դժգոհել էր ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի պահվածքից, թե իր համար հասկանալի չէ՝ ինչ է ուզում նա, և իմքայլականներն անորոշության մեջ չէին կողմնորոշվում՝ ինչպես քվեարկել։ Երկրորդ բացատրությունն էլ այն է, որ «Իմ քայլ»-ում, հակառակ հերքումներին, խմբային տարանջատումները գնալով խորանում են»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակ­ցության նիստը: Նիստը տևել է մոտ երեք ժամ, սակայն ոչ բոլոր պատգամավորներն են մինչև վերջ մնացել նիստին, ինչպես նաև շատ են եղել բացակաները: Մեր տեղեկություններով՝ երեկվա հավաքի գլխավոր թեման եղել է այսօր մեկնարկող ԱԺ արտահեեթ նիստը, և պատգամավորները քննարկում են ունեցել օրակարգային հիմնական հարցերի շուրջ ու հստակեցրել քվեարկության հետ կապված դիրքորոշումները: Անդրադարձ է եղել նաև ՍԴ դատավորներին վերաբերող նախագծի երեկվա քվե­արկության թեմային»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գևորգ Պետրոսյանին հարցրինք՝ ԲՀԿ-ն վերջին շրջանում ակտիվացել է, բայց ԿԳՄՍ նախարարի դեմ դիրքորոշում չի հայտնում, ակցիաներին չի մասնակցում։ Ինչո՞ւ։ «Էդ մարդը՝ էդ պաշտոնում, ինքն իր դեմ ակցիա է. հիմա մենք ինչո՞ւ մասնակցենք մի գործընթացի, որն իր սեփական ձեռքերով է անում, և հետո` էնպես չէ, որ չենք անում. ՖԲ-ում ինքս, գուցե մի քիչ կոպիտ, բայց հայտնել եմ իմ տեսակետը, որ նա անելիք չունի այդ նախարարությունում։ Եթե մեկը Հովհաննես Թումանյանի քառյակներից չի կարող չորս տող մտաբերել, ապա նա ոչ մի բանի ընդունակ չէ և ոչինչ չի կարող «մտաբերել»»: Ասում են` ԲՀԿ-ն աչք ունի Երևանի քաղաքապետի աթոռի վրա։ «Չկա նման բան՝ երբեք, պարզապես, Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն, Հայաստանը սոցիալական պետություն է, ու այն ջանքերը, որ պետք է իրականացնի պետությունը ժողովրդի կյանքը բարելավելու համար, չի արվում, ամբողջովին անգործության մեջ է, ու թե կա մի մարդ, ում անձնական հեղինակությամբ կարող են իրենք Հայաստանի տնտեսությունը զարգացնել, էդ մարդը Գագիկ Ծառուկյանն է, որը հայտարարել է, որ ոչ մի պաշտոնի չի հավակնում, էն պաշտոնն էլ, որ զբաղեցնում է, նրա համար է, որ ի կատար ածի ժողովրդին տված խոստումները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ-ում իրավիճակը անցած շաբաթ շատ թեժ էր, քանի որ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը գաղտնազերծել էր, թե ինչ իրավիճակ է ՀՅԴ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց` իրավիճակից ելնելով` որոշում է կայացվել` որոշ ժամանակ լրատվամիջոցների հետ կշփվի միայն Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իշխանությունները հակաքարոզչություն են իրականացնում ՀՅԴ-ի դեմ` այս անգամ օգտագործելով ՆԱՈՒՄ-ի երիտասարդներին: «Իհարկե, տեսնում ենք ականջներ: Դժբախտաբար, այսօր այդ երիտասարդներն օգտագործվում են ինչ-որ շրջանակների կողմից: Այդ երիտասարդները երբեք ՀՅԴ-ում խոսելու, արտահայտվելու, դիրքորոշում հայտնելու խնդիր չեն ունեցել: Ես ցավում եմ, որ իրենք այսօր օգտագործվում են ինչ-որ շրջանակների կողմից: Ակնհայտ հակաքարոզչություն է գնում ՀՅԴ-ի դեմ, փորձում են պիտակավորել, փորձում են մեզ մղել այլ դաշտ», – նշեց նա՝ խոստանալով այս թեմայով առաջիկայում բացահայտումներ անել»։


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Վերջերս շատ է խոսվում Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասին: Ի՞նչ է սա ենթադրում, արդյո՞ք այդ ազատականացում ասվածը, ինչպես սովորաբար լինում է, չի հանգեցնելու սակագների բարձրացման, և ինչու՞ ենք դիմում այդ քայլին: Այս և այլ հարցերի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին: Մանավանդ՝ սա այն հարցերին մեկն է, որ ներառված է մեր երկրի էներգահամակարգի՝ մինչև 2040 թ. զարգացման ռազմավարությունում, որ քննարկման փուլում է: Փոխնախարարը նախ ընդգծեց, որ շուկայի ընդամենը 10 տոկոսն է ազատականացվելու սկզբնական փուլում, որպեսզի նաև տեսնեն, թե ինչ ռիսկեր կարող են լինել, և եթե հանկարծ վատ լինի, սարսափելի ոչինչ չկա, «հետ կգան»: Իսկ ինչ վերաբերում է սակագների խնդրին, ապա պետությունն անպայման կկիրառի համապատասխան մեխանիզմներ՝ պայմանավորվածություններ թույլ չտալու համար: Ազատականացման ժամանակ ուժի մեջ կմնա՞ն գիշերային սակագները: Ըստ Հակոբ Վարդանյանի պարզաբանման՝ շուկայի բարեփոխումների առաջին փուլի ընթացքում կդիտարկվեն նաև կիրառվող սակագնային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, գիշերային և ցերեկային սակագների հետագա կիրառության նպատակահարմարությունն ու դրա այլընտրանքները, ամսական հաստատուն սպասարկման վճարների սահմանման անհրաժեշտությունը և այլն: Բայց խոցելի սպառողների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը մշտապես կմնա կառավարության ուշադրության կենտրոնում»:


«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններն առայժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տեսլական չեն ներկայացրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք, որ բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ բաժանվում են հարցերի երկու կատեգորիայի, դրանցից մեկը, ըստ նրա՝ վստահության կառուցման խնդիրն է, որ կողմերն ավելի քիչ կրակեն միմյանց վրա, ավելի շատ վստահեն միմյանց, ընդհանրապես, ոչ միայն իշխանությունները, այլև ժողովուրդները, այսինքն՝ բարելավվի մթնոլորտը: «Սրանք խնդիրներ են, որոնք վերաբերում են վստահության կառուցման հարցին: Դրա մեջ են մտնում գերիների փոխանակման հարցերը, ռազմաճակատում լարվածության նվազեցման խնդիրները, գյուղատնտեսական աշխատանքների հեշտացումը ճակատային գոտում, և այլն: Բայց կա միգուցե ավելի կարևոր խնդիր, որը կապված է ղարաբաղյան խնդրի լուծման բանաձևի հետ:


Այսինքն՝ ինչ բանաձևով պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը: Սրանք փոխկապակցված, բայց, այնուամենայնիվ, տարբեր հարցեր են, և մենք պետք է հասկանանք, որ ստեղծված ավանդույթի համաձայն՝ Ադրբեջանը, բնականաբար, ավելի կենտրոնացած է բանաձևի և բովանդակային լուծման վրա, իսկ հայկական կողմն ավելի շատ կենտրոնացած է վստահության կառուցման խնդիրների վրա, բայց նաև սա ի՞նչ է նշանակում, որովհետև Ադրբեջանին ստատուս-քվոն չի բավարարում, և Ադրբեջանի դիրքորոշումը սա է, որ՝ կա՛մ պետք է բանակցություններով լուծենք խնդիրը, կա՛մ պատերազմով: Իսկ եթե վստահության կառուցման այդ միջոցառումները շատ խորանան՝ առանց բովանդակային լուծման, դա, փաստորեն, ինչ-որ իմաստով զրկում է Ադրբեջանին ռազմական միջոցով խնդիրը լուծելու հնարավորությունից: Հետևաբար՝ այսպիսի դինամիկա կա, պետք է ասեմ, որ մինչև հիմա հայկական կողմը բովանդակային քննարկումների մեջ, նկատի ունեմ՝ Փաշինյանի օրոք, թավշյա հեղափոխությունից հետո, չի մտել և դրա համար ունեցել է նաև որոշակի հիմքեր: Այդ հիմքերը կապված են այն հանգամանքի հետ, որ բանակցությունների այն ձևաչափը, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը, իր հագով չէ:


Ինքը ցանկանում է վերադարձնել այն ֆորմատը, որը ձևավորվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Ընդ որում՝ Լևոն Տեր-Պետրոսյանին հեշտ չտրվեց այդ ձևաչափը ձևավորելը, որովհետև 1992 թվականին, երբ ԵԱՀԿ-ն սկսեց այդ խնդրին անդրադառնալ, դեռ ոչ ոք Ղարաբաղը չէր ճանաչում՝ որպես հակամարտության կողմ, և բանակցությունները գնում էին Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, բայց երկարատև դիվանագիտական աշխատանքից և ռազմական հաջողություններից հետո 1994 թվականին հաջողվեց հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց որպես ինքնուրույն բանակցող և հակամարտության կողմ ԵԱՀԿ-ի հայտնի գագաթաժողովի ժամանակ, ինչը ես համարում եմ մեր ամենամեծ նվաճումը, քանի որ դրա շնորհիվ Լեռնային Ղարաբաղը մեկ քայլ առաջ արեց դեպի իր անկախության միջազգային ճանաչում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի, ապա նաև ՀՖՖ նախագահի ընտրությունները: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու` Արմեն Մելիքբեկյանը, Թովմաս Գրիգորյանը և Խորեն Հովհաննիսյանը: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով զրուցել է «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հետ, որը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել է որպես ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածու: Անդրեասյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում չի տեսնում առաջադրված թեկնածուներից և ոչ մեկի: «Առաջադրված թեկնածուներից և ոչ ոք չի կարող օգուտ տալ հայկական ֆուտբոլին: Կարծում եմ` պետության ղեկավարը պետք է փնտրի և գտնի նրան, ով կարող է աշխատել: Խորեն Հովհաննիսյանի մասով ոչինչ անգամ լսել չեմ ցանկանում, որովհետև հենց նա է քանդել հայկական ֆուտբոլը, իսկ մյուս թեկնածուներին նույնիսկ չեմ էլ ճանաչում և չգիտեմ, թե ինչ կապ ունեն ֆուտբոլի հետ», – նշեց նա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները ցանկանում են գովազդը վերադարձնել Հանրային հեռուստատեսության եթեր, և կառավարությունն առաջարկում է համապատասխան փոփոխություն կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում: Մինչև 2015թ. Հանրայինի եթերում կարելի էր եթերի մինչև 7 տոկոսի տևողությամբ գովազդ տեղադրել: Սակայն 2014թ. ընդունված և 2015-ին ուժի մեջ մտած օրենքով Հանրայինով գովազդն արգելվեց, որպեսզի այդ եթերաժամանակը օգտագործվի ավելի մեծ տեղեկատվական արժեք ունեցող թողարկումների համար: Հիմա կառավարությունն առաջարկում է ոչ միայն գովազդը վերադարձնել Հանրայինի եթեր, այլև էականորեն մեծացնել դրա ծավալը՝ 7 տոկոսից դարձնելով 7 րոպե մեկ եթերային ժամվա ընթացքում, որը գրեթե 12 տոկոս է կազմում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում 11 հարց է ընդգրկված։ Ուշագրավ է, որ տարվա գուցե վերջին արտահերթի 11 հարցերից 4-ը վարկային համաձայնագրեր են, որոնք կառավարության կողմից վավերացվելուց հետո ուղարկվել են խորհրդարան։ Պարզվում է, որ «նոր Հայաստանի» խորհրդարանն արտահերթ կարգով վավերացման է դնելու 131,406 մլն եվրոյով ՀՀ պետական պարտքն ավելացնելու մասին հարցը։ Այսպիսով, վարկերից առաջինը ՀՀ և ՎԶԵԲ-ի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցն է, համաձայն որի՝ ՀՀ-ին տրամադրվում է բյուջետային աջակցության վարկ՝ 45,8 մլն եվրո գումարի չափով: Հիմնավորումների մեջ նշված է, որ տվյալ միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետբյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Մյուսը ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին է, ըստ որի՝ նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 9,1 մլն եվրո գումարի չափով: 


Հաջորդը ՀՀ և ՎԶԵԲ միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին պայմանագիրն է։ Այս համաձայնագրով ՀՀ-ին տրամադրվում է բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով: Իսկ ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 36,5 մլն եվրո գումարի չափով: Ստացվում է, որ իր ողջ ընդդիմադիր գործունեության տարիներին վարկային համաձայնագրերի դեմ քվեարկած ու արտահայտված, պետական պարտքի ավելացման թիվ մեկ քննադատ Նիկոլ Փաշինյանը շարունակում է վերցնել հերթական վարկերը՝ բյուջեն սպասարկելու համար։ Այն դեպքում, երբ իշխանությունները քանիցս ասել են, թե փող կա, փողը խնդիր չէ»: