10.10.2025
Խաղաղություն ըստ ժամանակացույցի
prev Նախորդ նորություն

Հրահանգ է իջեցրել «օրորոցում» խեդղել. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մի քանի օր է՝ ՔՊ-ն ողջ կազմով ծանր մարտեր է մղում նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ: Վերջինս հայտարարել է, որ քաղաքական հայտ է ներկայացնում` ձեւավորում է կուսակցություն, մասնակցելու է ընտրություններին եւ հավակնում է ՀՀ վարչապետի պաշտոնին։ Մեր տեղեկություններով, իշխանական թիմին հրահանգ է իջեցվել՝ «օրորոցում» խեղդել ընդդիմադիր ցանկացած քաղաքական նոր ուժի ծնունդ, կարեւոր չէ, թե այդ ուժն ինչ շանսեր ունի: Եթե շատ աննշմար է, նրան փչացնելու գործը կարող են անել ֆեյքերը, եթե մի քիչ ծանրակշիռ է` ՔՊ հրետանին: Բացի այդ, 2026 թ. ընտրություններից առաջ խնդիր է դրվել չեզոքացնել բոլոր ընդդիմադիր համայնքներն ու համայնքապետերին, եթե հնարավոր է` ազատվել նրանցից, եթե` ոչ, հնազանդեցնել, հպատակեցնել։ Պատահական չէ այս օրերին Վարդան Ղուկասյանի դեմ արշավը։


Իշխանությունն այլեւս ոչ մի բանի առաջ չի կանգնում` կարող են կալանավորել համայնքապետին, նրա որդուն, զինակիցներին, առաջիկայում հալածանքներ սկսել այլ հայտնի ու ազդեցիկ դեմքերի, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ։ Ի դեպ, անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ակնարկեց, որ օրենքում այնպիսի փոփոխություններ պետք է կատարվեն, որ թափանցիկ դառնա կուսակցությունների ֆինանսավորումը: «Ո՞վ ա ֆինանսավորում մյուս կուսակցություններին, ի՞նչ աղբյուրներից են ֆինանսավորում»` այս հարցերը պետք է օրենքով կարգավորել, «Ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց է ընդհուպ բարձրանում, կոնսպիրատիվ կառույցները պիտի գնան եւ կոնսպիրացիայով զբաղվեն»,- հրահանգ իջեցրեց նա։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում լարվածությունը օրեցօր մեծանում է։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ իշխանական թիմը կարծես անցել է հարձակման փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները ՔՊ-ից փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հստակ հրահանգը մեկն է՝ ոչնչացնել բոլորին, ովքեր կարող են հաջորդ խորհրդարանում հայտնվելու անգամ փոքր շանսեր ունենալ: ՔՊ-ում հաճախ է քննարկվում «քաղաքական դաշտը մաքրելու» ռազմավարությունը՝ ընդդիմադիր եւ չեզոք գործիչների դեմ ուղղորդված արշավներով, մեդիահարձակումներով եւ հրապարակային վարկաբեկման փորձերով։ Պատահական չէ, որ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անձամբ քննադատում էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին։ Վերջինս, հիշեցնենք, երեկ բավականին խոստումնալից մեկնարկ տվեց իր քաղաքական գործընթացներին՝ մամուլի ասուլիսում վստահությամբ պատասխանելով լրագրողների երբեմն սուր եւ ճնշող հարցերին։


ՔՊ-ի ներսում, մեր տեղեկություններով, հենց Թաթոյանի նման գործիչներն են ընկալվում որպես վտանգավոր մրցակիցներ։ Այդ իսկ պատճառով իշխանական բարձրաստիճան պաշտոնյաները սոցցանցերում եւ մամուլում հակաքարոզչական արշավ են սկսել: Քաղաքական վերլուծաբանները նկատում են՝ իշխանության վարքագիծը այլեւս հիշեցնում է ոչ թե մրցակցային, այլ ճնշման մոդել. ՔՊ-ն չի պատրաստվում հանդուրժել որեւէ այլընտրանք եւ պատրաստ է գնալ ամեն քայլի՝ մրցակիցներին քաղաքական դաշտից ուղղակի դուրս մղելու համար։ Իշխանությունը պատրաստ է ոչնչացնել բոլորին եւ ամեն ինչ, միայն թե մյուս տարի կարողանա պահպանել իշխանությունը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին անհետեւանք չի մնացել. Դատախազությունը գործի է անցել: Հիշեցնենք՝ նա ամբիոնից բառացի ասաց.


«Ես կարծում եմ, որ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից։ Դա պետք է անենք քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառել ժողովրդավարական երկրում։ Ես համոզված եմ, որ դա տեղի կունենա»։ Վարչապետի այս խոսքերը հետեւեցին այն հարցազրույցին, որտեղ Վարդան Ղուկասյանը, իր ոճով, նշել էր, թե Հայաստանը պետք է միութենական կազմի մեջ մտնի՝ իր անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ավելի ուշ նա պարզաբանեց, որ բոլոր երկրներն էլ, նաեւ խոշոր եւ զարգացած, պետք է լինեն որեւէ միութենական կազմում՝ ՆԱՏՕ, ԵՄ կամ ՀԱՊԿ:


Սակայն քաղաքական այս քննարկումը ստացավ իրավական ընթացք։ Երեկ հայտնի դարձավ, որ Դատախազությունը սկսել է ուսումնասիրել Վարդան Ղուկասյանի՝ մամուլում տեղ գտած հայտարարությունները։ Գլխավոր դատախազությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ իրավական գնահատման նպատակով։ Այսպիսով՝ խոսքի ազատությունը կրկին հայտնվել է իրավական գործընթացների կենտրոնում։ Եթե ընթացքը վերածվի քրեական գործի, ապա սա կլինի հերթական դեպքը, երբ քաղաքական կարծիքի արտահայտման համար անձինք ենթարկվում են քրեական հետապնդման։ Հիշեցնենք՝ նմանատիպ պատմությունների կիզակետում արդեն հայտնվել էին Սամվել Կարապետյանը եւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ իրենց հրապարակային հայտարարությունների համար: Դատախազությունը, կարծես, խոսքի ազատության սահմանները փորձում է գծել ոչ թե օրենքով, այլ վարչապետի հրահանգներով։ Եվ օրըստօրե մեր երկրում կարծիք արտահայտելը դառնում է քրեորեն հետապնդելի»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքը ստանձնելուց հետո հարցախույզ է սկսել նոր աշխատավայրի կենտրոնական ապարատում։ Հերթով, մեկիկ-մեկիկ աշխատակիցներին իր մոտ է կանչել եւ հետաքրքրվել, թե ինչն է իրենց կապում ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանի հետ, բացի այն, որ եղել է իրենց վերադասը: Նրանք, ովքեր միամտաբար խոստովանել են իրենց մտերմության, ասենք` ուսանողական կամ այլ հարաբերությունների մասին, զրկվել են աշխատանքից:


Ռոմանոս Պետրոսյանն անմիջապես ստորագրել է նրանց ազատման հրամանները։ Առաջին միամիտներից հետո լուրը տարածվել է, եւ ոմանք սկսել են թաքցնել, ուրանալ Ղազինյանի հետ մտերմությունը: Պատմում են, որ անգամ նրա սանիկն է չորով հերքել, թե կապ ունի Դավիթ Ղազինյանի հետ, ու այդպես մնացել է աշխատելու։ Ըստ ամենայնի, Ռոմանոս Պետրոսյանին շատ է դուր եկել իր նոր կարգավիճակը, թվանոց՝ ամսական 5.2 մլն դրամ մաքուր աշխատավարձ, որը ստանում է բանտում գտնվող սեփականատիրոջից, անսահմանափակ իշխանություն եւ մարդկանց ճակատագրերը տնօրինելու հնարավորություն: Նա այժմ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն է, բայց, ըստ ամենայնի, արդեն մտածում է, որ կարող է ՀԷՑ գլխավոր տնօրեն աշխատել եւ հիմնավորվել այստեղ։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ողջ օրը ապաշրջափակումից, սահմանային հսկողությունը ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելուց, հաշտությունից, խաղաղությունից, սահման բացելուց, հարեւանների հետ առեւտրից խոսող իշխանությունները, պարզվում է, այդ հնարավորությունները որպես լոզունգ են միայն օգտագործում եւ դրանցից օգտվելու իրավունք միայն իրենք իրենց են վերապահում: Ալիեւի ու Էրդողանի հետ ջերմ շփվող Փաշինյանի Հայաստանում սահմանն անցնելիս ուշիուշով ուսումնասիրվում են մարդկանց անձնագրերը, հատկապես այն, թե նրանք Հայաստան ժամանելուց առաջ որ երկրներում են եղել: Մեզ պատմեցին, որ վերջերս հայ-վրացական սահմանն անցնելիս Ղազախստանից ժամանած տարեց ամուսիններին մեծ տհաճություններ են պատճառել միայն այն պատճառով, որ կինը վերջերս գործնական այցով եղել է Ադրբեջանում: Ամուսնուն թույլ են տվել, որ սահմանն անցնի, իսկ կնոջն իսկական հարցաքննության են ենթարկել, երկար պահել, թե` ինչու եք մեկնել Ադրբեջան, ինչքան եք մնացել, երբ եք եղել, որտեղ եք եղել եւ այլն: Այս քաշքշուկից վրդովված մարդիկ, որոնք խմբով Հայաստան գալուց են եղել` իրենց ընկերոջ որդու հարսանիքին մասնակցելու, քիչ է մնացել սահմանից հետ դառնան: Օտարերկրացի կինը հետո պատմել է, որ Ադրբեջանում իրեն առաջարկած են եղել Շուշի այցելել, ասել է․ «Լավ է՝ չհամաձայնեցի»:


 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել սկանդալային այն դեպքից հետո, երբ ամուսնուն նշանակել էր իր օգնական, որպեսզի նա «դրսում չմրսի» (ինչը պայթեցրեց «Ժողովուրդ» օրաթերթը), իր հայտարարագիրը լրացրել է սխալներով:  


«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ սխալների մասին է խոսքը:


Սխալ 1 


Համաձայն Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ նա ունի համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երեւանում, որը ձեռք է բերվել 2022 թվականին, եւ դարձել հեղափոխական Պալյանի ձեռքբերումներից մեկը։ Պալյանի 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա բնակարանը գնել է 25,2 դրամով։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 4,5 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 13 մլն 222 հազար դրամ, որից 10 մլն 222 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, 1,5 մլն դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից։ Եկամուտներից 1,5 մլն դրամը «այլ եկամուտներ» են, որոնց աղբյուրը նշված չէ։ Այսինքն՝ պատգամավորը ունի կողմնակի եկամուտ, որը թաքցնում է հայտարարատու մարմնից: Սա օրինախախտում է:


Սխալ 2 


Էմմա Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ, որից 21 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, սակայն հետաքրքիրն այն է, որ Պալյանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը վերջին 2 տարիներին փոփոխության չի ենթարկվել։ Այսինքն, ըստ փաստաթղթի՝ պատգամավորը վարկը չի մարել: Ավելին, եթե այն համեմատենք, կնկատենք, որ նվազման փոխարեն հիփոթեքային վարկը աճել է. այն 2022-ին կազմել է 20 մլն 643 հազար դրամ։ 


Սխալ 3


Էմմա Պալյանի հայտարարագրի համաձայն՝ ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, չի աշխատում, սակայն ամուսնու հայտարարագրում վերջինս 1 մլն 294 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել «ՀԱՅԱՆՏԱՌ»-ից։ Սրան զուգահեռ՝ Պալյանի ամուսինը նախորդ տարի գնել է 2007 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա 2,5 մլն դրամ արժեքով, որը իր տարեկան եկամտի կրկնակին է։ KIA մակնիշի մի մեքենա էլ Մարտիրոսյանը գնել էր 2023 թվականին՝ 1,5 մլն դրամով։ Մարտիրոսյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 150 հազար դրամ։


Վարկեր չկան, համապատասխան եկամուտներ չկան, սակայն վերջին 2 տարիներին ամեն տարի Մարտիրոսյանը գնել է մեկ մեքենա։ Նշենք նաեւ, որ Պալյանի ամուսինը Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու անդամ է, Էմմա Պալյանն ինքն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է անդամակցում։ Հետաքրքիրն այն է սակայն, որ Էմմա Պալյանի ամբողջ ընտանիքն է մշտապես սկանդալների կիզակետում. նրա եղբայրը՝ Հայկ Պալյանը, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է, ում օգնականը նախկինում պատգամավորն ինքն է եղել։


ՔՊ-ական պատգամավորի ընտանիքից անգամ հայրը չի խուսափել սկանդալից։ Պալյանների ընտանիքը, թվում է, ներքին թշնամանք ունի արցախցիների նկատմամբ։ Իշխանական պատգամավոր Էմմա Պալյանը աղմկալի պատմության մեջ էր ընկել եղբոր պատճառով:


Պատգամավորի եղբայրը՝ Հայկ Պալյանը, Լիանա Վանոյանի հումորային տեսանյութի մեկնաբանությունների բաժնում Փաշինյանին քննադատող մեկնաբանություններից մեկին արձագանքել էր՝ դիմելով օգտատիրոջը՝ «Հա՞յ ես, թե՞ ղարաբաղցի»: ՔՊ-ական պատգամավորը եղբոր ձեւակերպումը վրիպակ էր համարել եւ նրա փոխարեն մեկնաբանել՝ «Այլ բան է նկատի ունեցել, պարզապես միտքը սխալ է ձեւակերպել»: Արցախցիների նկատմամբ ատելության քարոզով է հանդես եկել նաեւ պատգամավորի հայրը՝ Նորո Պալյանը։ Վերջինս ավելի վաղ կիսվել էր մեկ այլ օգտատիրոջ կողմից արված գրառումով, որտեղ նշված էր. «Լավ ընկերոջ համար անգամ, կյանքը ԿՈՒՏԻ ղարաբաղցին»։

Իրավապահ համակարգի փլուզումը վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի
Հաջորդ նորություն next
 Լուսանկար՝ alphanews.am
10.10.2025
«3+3» ձևաչափով հանդիպումը մինչև տարեվերջ կանցկացվի Երևանում կամ Բաքվում. մանրամասներ