9.10.2025
Ալիևը փաստ է ստեղծում, Փաշինյանը շարունակում է պատրանքներ վաճառել
prev Նախորդ նորություն

Խաղաղություն ըստ ժամանակացույցի

Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ «նորածին խաղաղության» երկու ամսական տարեդարձը «նշանավորվել» է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի եւ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլլիսոն Հուքերի հետ հանդիպումով:


Հոկտեմբերի 8-ին կայացած այդ հանդիպումը, ինչպես հայտնում է դեսպանության էջը, վերաբերել է Թրամպի ուղղու եւ հայ-ամերիկյան հուշագրերի կյանքի կոչման գործընթացին: Այդ երեք հուշագրերը, ինչպես հայտնի է, ստորագրվել են նույն օրը՝ օգոստոսի 8-ին:


Թե հատկապեսինչ է քննարկվել, մանրամասներ հայտնի չեն, դեսպանության հաղորդագրությունը լռում է այդ մասին:


Նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի նշանակմանն ու գործունեության մեկնարկին անդրադարձել եմ բազմիցս, մասնավորապես դրա այսպես ասած «կրոնական բաղադրիչին:


Ինչ վերաբերում է քաղաքականին, ապա, եթե դուրս բերենք նրա հանդիպումները կոնգրեսականների հետ, պրակտիկ քաղաքականության իմաստով Էլիսոն Հուքերի հետ հանդիպումը թերեւս առաջինն է, որը սակայն ունի շատ կոնկրետ թեմա: Նկատեմ, որ հայ-ամերիկյան փոխըմբռնման հուշագրերը ըստ էության «Թրամպի ուղղու» հռչակագրին «կից» փաստաթղթեր են, ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո կից:


Այսինքն, այդ հուշագրերի ուղղությամբ ԱՄՆ որեւէ պրակտիկ գործողություն թերեւս կախված կլինի նրանից, թե ինչ գործողություն կանի Հայաստանը «Թրամպի ուղղու» ուղղությամբ:


Ինչպես ավելի վաղ կարծիք եմ հայտնել, անձամբ Թրամպի համար այդ ուղղու նշանակությունը կամ կարեւորությունը արտացոլվում է Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ, Ալիեւի ու Փաշինյանի վերաբերյալ նրա հայտարարություններում: «Թրամպի ուղղու» առանցքային շահառուն իհարկե պետքարտուղարությունն է, որն ամերիկյան «խորքային պետության» առաջամարտիկներից է: «Խորքային պետության», որի հետ ներքին լուրջ դիմակայության մեջ է Թրամպը՝ իր իշխանության պահպանման եւ այսպես ասած 2028-ի շարունակականության հիմքեր դնելու համար:


Եթե լինեք ուշադիր, ապա չեք կարող չնկատել, որ Թրամպը նաեւ զբաղված է հենց պետքարտուղարության ապամոնտաժումով, համենայն դեպս այն պետքարտուղարության, որը «խորքային պետությանն» է, ոչ թե իր վարչակազմինը: Հատկանշական է, որ արտաքին քաղաքական նախաձեռնոություններում Թրամպը ավելի շատ ապավինում է հատուկ բանագնացների ինստիտուտին, քան ինստիիտուցիոնալ պետդեպին:


«Թրամպի ուղղու» մասով կարծում եմ ամերիկյան համակարգում կա «երկվություն», ինչը ակնհայտորեն արտահայտվում էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, այսինքն նախկին վարչակազմի պետքարտուղար Բլինքենի օգնական Ջեյմս Օ Բրայանի՝ շաբաթներ առաջ հրապարակված հայտնի հոդվածում:


Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

 Լուսանկարը` Իզվեստիա
09.10.2025
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի մասին չէ». ԱԳՆ-ն հստակեցնում է պաշտոնական դիրքորոշումը