24.11.2024
Արմեն Սարգսյանն ու կաթողիկոս Արամ Առաջինը քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Հայաստանցիների 70 տոկոսը լավատեսությամբ է նայում երկրի ապագային. հարցում

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները, որոնք վկայում են քաղաքացիների՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության ջանքերի վճռական աջակցության և երկրի զարգացման հետագծի վերաբերյալ լավատեսական տրամադրությունների մասին:


Հարցումը ֆինանսավորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Ըստ հարցման արդյունքների՝ քաղաքացիներն ուզում են տեսնել նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և անցումային արդարադատության ապահովման հետագա քայլերը։ Հարցվածների 66 տոկոսը կարծում է, որ կառավարությունը բավարար ջանք է գործադրում կոռուպցիայի դեմ պայքարելու համար (նախկին 59 տոկոսի համեմատ), իսկ 70 տոկոսը կարծում է, որ պայքարն արդյունավետ է եղել:


Հարցումն անցկացվել Է IRI-ի պատվերով՝ The Gallup կազմակերպությունից դոկտոր Ռասա Ալիսաուսկենեի ղեկավարությամբ։ Դաշտային աշխատանքներն իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան: Տվյալները հավաքագրվել են ամբողջ Հայաստանում 2019թ․ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում ՝ հարցվողների տներում անձնական հարցազրույցների միջոցով: Ընտրանքը բաղկացած է եղել Հայաստանի՝ 18 տարեկան և ավելի բարձր 1200 ձայնի իրավունք ունեցող մշտական բնակիչներից։ Այն ներկայացնում է բնակչությանը, ընդհանուր առմամբ, ըստ տարիքի, սեռի և մարզի։


Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիները դրական են նայում ապագային, ընդ որում՝ հարցվածների 70 տոկոսը լավատեսությամբ է նայում երկրի ապագային, իսկ 62 տոկոսը կարծում է, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Կառավարության աշխատանքով բավարարվածության մակարդակը մնում է բարձր, իսկ վարչապետի գրասենյակի և Ազգային ժողովի աշխատանքից գոհ է հարցվածների համապատասխանաբար 76 և 63 տոկոսը։


Չնայած ընդհանուր դրական տրամադրություններին՝ նշմարվում են նաև որոշ տագնապալի միտումներ։ Հարցվողների մասնաբաժինը, որ առաջնահերթ է համարում աշխատատեղերի ստեղծումը (38 տոկոս՝ նախկին 30 տոկոսի համեմատ) և սոցիալ-տնտեսական հարցերը (29 տոկոս՝ նախկին 18 տոկոսի համեմատ) շարունակում է աճել։ Աճում է նաև մարդկանց տոկոսը, որոնք կառավարության հիմնական ձախողում են համարում վատ կառավարումը (27 տոկոս՝ նախկին 22-ի փոխարեն)։


«Չնայած կառավարությունը հաջողությամբ իրականացրել է հակակոռուպցիոն բարեփոխումները՝ մենք նշաններ ենք տեսնում, որ բնակչությունը մտահոգված է սոցիալ-տնտեսական ոլորտում առաջընթացով»,- ասել է IRI-ի՝ Եվրասիայի տարածաշրջանային տնօրենը Սթիվեն Նիքսը։


Հայաստանի բնակչությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաև դատական բարեփոխումների և անցումային արդարադատության իրականացման նկատմամբ։ Հարցվածների 82 տոկոսը կարծում է, որ դատական բարեփոխումները պետք է կարեւոր առաջնահերթություն դառնան, իսկ 60 տոկոսը ցանկանում է տեսնել անցումային շրջանի արդարադատության համակարգի ստեղծումը բոլոր խնդիրների լուծման համար՝ սկսած կոռուպցիայից եւ ապօրինի հարստացումից, վերջացրած մարդու իրավունքների խախտումներով եւ նախկին ռեժիմի կողմից ընտրությունների կեղծմամբ:


Հայաստանի՝ պատմականորեն պատրիարխալ հանրությունում մարդկանց 96 տոկոսը կարծում է, որ կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերը պետք է պատժվեն օրենքով, իսկ 90 տոկոսը կարծում է, որ պետությունը պետք է վերացնի այն օրենքներն ու պրակտիկան, որոնք խտրականություն են դնում կանանց նկատմամբ: