25.06.2025
Եվրամիության մայրամուտը. Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են եվրասկեպտիկները
27.05.2019
Եվրամիության մայրամուտը. Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են եվրասկեպտիկները

Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են եվրասկեպտիկ կուսակցությունները: Կիրակի օրը Եվրամիության երկրներում Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն էր: Ֆրանսիայում, էքզիթ փոլի տվյալներով, հաղթել է Մարին Լը Պենի ղեկավարած «Ազգային միասնություն» կուսակցությունը, որը ստացել է քվեների շուրջ 24 տոկոսը՝ 2 տոկոսով ավելի, քան նախագահ Էմանյուել Մակրոնի «Առա՛ջ Հանրապետություն» կուսակցությունը: Երրորդ հորիզոնականում կանաչներն են: Մեծ Բրիտանիայում ընտրություններում առավել մեծ թվով ձայներ է ստացել Նայջել Ֆարաժի գլխավորած Brexit նոր կուսակցությունը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը կտրականապես դեմ է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուն: Մեծ Բրիտանիայի երկու առաջատար կուսակցությունները՝ լեյբորիստներն ու պահպանողականները, 2014-ի ընտրությունների համեմատ մեծ թվով ձայներ են կորցրել, ընդ որում, իշխող պահպանողականները հայտնվել են հինգերորդ տեղում: Ֆրանսիայում ավելի վաղ Լը Պենը հայտարարել էր, որ այս ընտրությունը գործող նախագահի վստահության հանրաքվեն է: Երեկ գիշեր՝ էքզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո, Լը Պենը հայտարարել է, թե Մակրոնը պետք է լուծարի Ֆրանսիայի խորհրդարանը: Ի դեպ, Լը Պենի ղեկավարած կուսակցությունը նաև անցած անգամ՝ 2014 թվականին էր հաղթել Եվրախորհրդարանի ընտրություններում, բայց այն ժամանակ Մակրոնի ղեկավարած խմբակցությունը դեռ չկար: 2017 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը հաղթել էր Լը Պենին՝ հավաքելով 66 տոկոսից ավելի ձայն: Մարին Լը Պենը հայտնի է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակից եւ ժամանակին կողմ էր արտահայտվում Եվրամիության կազմից Ֆրանսիայի դուրս գալու օգտին: Այնուհետեւ սակայն փոքր ինչ փոխեց իր կարծիքը: Եվրոպացիները նախօրեին ընտրում էին Ստրասբուրգում տեղակայված 751-տեղանոց Եվրախորհրդարանի պատգամավորներին: Գերմանիայում անցկացված ընտրություններում, ինչպես և ակնկալվում էր, հաղթել է կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը՝ հավաքելով 28 տոկոսից ավելի ձայն, ինչը, սակայն, այս կուսակցության ամենավատ ցուցանիշն է: Այն, որ Մեծ Բրտանիայում տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրություններ, պարզ դարձավ միայն այս տարվա ապրիլին, երբ Թերեզա Մեյի գլխավորած կառավարությունը չկարողացավ խորհրդարանում անցկացնել ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի պայմանները մինչև մարտի 29-ը՝ Brexit-ի համար սահմանված օրը, և ստիպված եղավ խնդրել երկարաձգել վերջնաժամկետը: Բրիտանիան շարունակում է մնալ Եվրամիության անդամ մինչեւ հոկտեմբերի 31-ը, սակայն կարող է ավելի վաղ դուրս գալ միությունից, եթե, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից արդեն երեք անգամ մերժված համաձայնագիրը, այնուամենայնիվ, ընդունվի: Եվրախոչհրդարանի ընտրություններն անցկացվել են ԵՄ անդամ 28 պետություններում: Այս ընտրություններում կանխատեսում էին աջ-պոպուլիստական ուժերի հաղթանակը, որոնք վերջին տարիներին ընդլայնել են իրենց ազդեցությունը Եվրամիության շատ երկրներում: Այդ կուսակցությունները հաջողություն ունեցան, սակայն, ըստ էության, մեծամասնություն Եվրախորհրդարանում չեն կազմի, հայտնում է «Բի-բի-սի»-ն: Այն երկրներում, որտեղ այդ կուսակցությունները իշխանություն ունեն, իսկ դրանք Իտալիան, Հունգարիան ու Լեհաստանն են, Եվրախորհրդարանի ընտրություններում զբաղեցրել են առաջին տեղը: Սակայն Ֆրանսիայում Լե Պենի կուսակցությունը զբաղեցրեց առաջին տեղը՝ առաջ անցնելով Մակրունի կուսակցությունից: Հունաստանում առաջին տեղւ զբաղեցրեց «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը՝ ստիպելով վարչապետ Ալեքսիս Ցիպրասին հայտարարել արտահերթ խորհրդարանկան ընտրությունների մասին: Միեւնույն ժամանակ Նիդերլանդներում ու Դնիայում եվրասկեպտիկ ուղղության կուսակցությունները պարտվել են: Էստոնիայում ЭКРЕ կուսակցությունը չորրորդ տեղում է եւ ոչ մի պատգամավորական մանդատ չի ստանա: Իսպանիայում ու Պորտուգալիայում իշխող ձախ-կենտրոնամետ կուսակցությունները հաղթել են նաեւ եվրոպական ընտրություններում: Լիբերալ կուսակցությունները հաջողությամբ հանդես եկան Սլովակիայում: Շատ երկրներում հաջողություններ են գրանցել էկոլոգիական ուղղության կուսակցությունները՝ Մեծ Բրիտանիայում Կնաչների կուսակցությունը, սակայն դա նաեւ կապված է Brexit-ի հետ: Գերմանիայում Կանաչները վերցրել են իշխող ուժերի ձայները եւ երկրորդ տեղում են: Կանաչները երրորդ տեղում են Ֆրանսիայում: Աջ-պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը չորրորդ տեղում է՝ բարելավելով իր դիրքերը 2014 թ-ի համեմատ՝ 7,1%-ից մինչեւ 10,8%: Դատելով Եվրախորհրդարանի ընտրություններից արդյունքներից՝ փորձագետներն արձանագրում են աջ-պոպուլիստական ուժերի եւ կանաչների ազդեցության էական ընդլայնում: Հատկապես աջ-պոպուլիստներրի հզորացումը Եվրամիության հզորագույն պետություններում ցույց է տալիս եվրասկեպտիկ տրամադրությունների ընդլայնումը: Իսկ սա ուղղակիորեն ի ցույց է դնում Եվրամիությունունում ֆրագմենտացիոն միտումների խորացումը: Հատկանշական է, որ համաձայն վերջերս անցկացված հարցումների, եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում առաջիկա 20 տարիներին ԵՄ փլուզումը: Եվրոպացիների ավելի քան կեսը կարծում է, որ Եվրոպական միությունը, որում ներկայումս ընդգրկված է 28 երկիր (միությունից հեռացող Մեծ Բրիտանիայի հետ միասին), հավանական է, որ առաջիկա 20 տարիների ընթացքում, կփլուզվի: Այս մասին վկայում է YouGov միջազգային սոցիոլոգիական ծառայության հասարակական կարծիքի հարցումը, հաղորդել էր The Guardian-ը: