4.11.2026
Հայաստանը պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին. Փաշինյան
27.09.2020
Հայաստանը պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում ասված է. «Հակառակորդը, կիրառելով ծանր սպառազինություն, գրոհի է ենթարկում Արցախի ՊԲ դիրքերը բոլոր ուղղություներով: ՊԲ-ն համառ մարտեր է մղում և պատվով կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ: Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է, դա պատերազմ է մեր անկախության և արժանապատվության դեմ: Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին, քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը և ատելությունը, որով տասնամյակներ շարունակ Ադրբեջանը սնում էիր ժողովրդին, չէր կարող որևէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը: Ադրբեջանի բռնապետությունը իր իսկ վարած հակահայ քաղաքականության պատանդն է դարձել, և այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին: Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցել հակառակորդին: ՀՀ-ն Արցախի Հանրապետության անվտանգության և անկախության երաշխավորն է: Եվ ՀՀ-ն իր բնակչության և պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին: Մենք գործադրելու ենք հնարավոր և անհնար ամեն ջանք մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: Որպես 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ, ՀՀ-ն քաղաքական, դիվանագիտական և ռազմական հարթակներում ձռնարկելու է անհրաժեշտ գործողություններ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով: Այս պահին հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ, թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին կանգնած է համայն հայությունը: Մենք միասնական ենք, ինչպես միշտ":