Պարտավոր ենք լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում. ՀՀԿ-ի հայտարարությունը
Այս առավոտ ադրբեջանական զինուժը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կրակ բացելով նաեւ խաղաղ բնակչության վրա: Այդ մասին ասված է ՀՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Ապրիլյան պատերազմից 4 տարի անց ՝ հերթական անգամ արձանագրելով սեփական ապակառուցողական եւ ագրեսոր էությունը, Ադրբեջանի իշխանությունը պատերազմ է պարտադրում Արցախի ազատատենչ ժողովրդին : Ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն:
Այս վճռական պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը համերաշխության եւ միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության եւ հայ զինվորի կողքին:
Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնահատել ստեղծված իրավիճակը եւ լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից:
Քանի որ հայրենիքն ամենաթանկն է եւ նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից:
ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտկան կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին:
Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք: Աստված պահապան մեր ժողովրդին եւ արդար պայքարի», - ասված է հայտրարության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ անցնելով հարձակման շփման գծի ողջ երկայնքով։
Հայտնի է հակառակորդի կողմից ուղղաթիռների, տանկերի եւ անօդաչուների կորստի մասին։ Հակառակորդն ունի նաև կենդանի ուժի կորուստներ։
Արցախը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանում երկու մարդ է զոհվել՝ կին և երեխա: Տուժածներ կան նաեւ այլ շրջաններում, տվյալները ճշտվում են: Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: